«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջանորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը, որը մեկնարկել էր երեկ՝ ժամը 11։30-ին, տևել է շուրջ 12 ժամ։ Նրան գիշերը Քննչական կոմիտեից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
ՔԿ-ի մոտ ժամեր շարունակ սպասող աջակիցները նրան ճանապարհել են «Ծառուկյա՜ն» վանկարկումներով։
ԲՀԿ առաջնորդի պաշտպաններից Էմին Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով։
Պաշտպանն այս վարույթը զավեշտ է որակել՝ հիշեցնելով, որ Ծառուկյանը դեռևս 2003թ.-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման։
«Պարոն Ծառուկյանն իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ առհասարակ։ Նոր քրեական հետապնդումը կապված է կոնյակի գործարանի հետ։ Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ճնշումներ են»,- ասել է պաշտպանը։
Անդրադառնալով երեկ տեղի ունեցած առերեսմանը՝ Էմին Խաչատրյանը նշել է, որ իրանցի եղբայրների՝ ավելի վաղ հայտնած ցուցմունքների և այսօրվա ասածի մեջ կար հակասություն։