armenpress.am Դամասկոսը զգալի շահեր ունի Մոսկվայի հետ և 2024 թ. դեկտեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո արագ քայլեր է ձեռնարկել նրա հետ նոր էջ բացելու համար։ Այս մասին Al Jazeera-ի հետ հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան։
Նախագահը նշել է, որ Սիրիայում գտնվող ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ Մոսկվայի հետ քննարկումները դեռևս չեն ավարտվել։
Նա պարզաբանել է, որ երկու կողմերը համաձայնել են հեռացնել ռուսական ռազմաբազաների մեծ մասը և պահպանել սահմանափակ ներկայություն «Հմեյմիմ» ավիաբազայում և Տարտուսի ռազմածովային բազայի մի մասում։
Աշ-Շարաան մատնանշել է խորհրդային շրջանից ի վեր գոյություն ունեցող պատմական հարաբերությունները՝ ընդգծելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնված են էներգետիկայի, սննդի և զենքի ոլորտներում ռազմավարական շահերի վրա։
Նա հավելել է, որ Սիրիան ձգտում է պահպանել այն, ինչ ծառայում է իր ազգային շահերին, և կարգավորել հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված նոր հիմքերով։
«Հմեյմիմ» ավիաբազան գտնվում է Միջերկրական ծովի Ջեբլա քաղաքի մոտ։ Բազան ստեղծվել է քաղաքացիական օդանավակայանի տեղում։ Այնտեղ ռուսական ավիախմբի տեղակայման մասին Ռուսաստանի և Սիրիայի միջև համաձայնագիրը ստորագրվել է Դամասկոսում 2015 թ. օգոստոսին։
Տարտուսի ռազմածովային բազան Ռուսաստանի միակ բազան է Միջերկրական ծովում։ 1971 թվականին այնտեղ ստեղծվել է Խորհրդային նավատորմի լոգիստիկ բազա, որը մնացել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այն օգտագործվել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողության ժամանակ՝ ռուսական զորախմբին աջակցելու համար։
2017 թվականին Մոսկվան և Դամասկոսը համաձայնության են եկել ռուսական զորքերը տեղակայել այդ օբյեկտներում 49 տարով՝ մինչև 2066 թվականը։