Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս | armenpress.am

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս | armenpress.am

armenpress.am Երևան քաղաքի 2027 թվականի բյուջետային եկամուտները կանխատեսվում են 149 միլիարդ 97.5 միլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 156 միլիարդ 349.6 միլիոն դրամ։

Այս ցուցանիշները ներառված են Երևանի քաղաքապետարանի մշակած՝ քաղաքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում, որը ներկայացվել է հանրային քննարկման։

Ծրագրով Երևանի եկամուտները 2028 թվականին կանխատեսվում են 148 միլիարդ 175.7 միլիոն դրամ, իսկ 2029 թվականին՝ 145 միլիարդ 894.3 միլիոն դրամ։ Եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է պետական բյուջեից տրամադրվող հատկացումների կրճատմամբ։

Երևանի ծախսերը 2028 թվականին նախատեսվում են 155 միլիարդ 49.1 միլիոն դրամ, իսկ 2029 թվականին՝ 152 միլիարդ 754.5 միլիոն դրամ։

Ըստ նախագծի՝ 2027 թվականի կանխատեսվող բյուջետային դեֆիցիտը կկազմի 7 միլիարդ 252.1 միլիոն դրամ։ 2028 թվականին այն նախատեսվում է 6 միլիարդ 873.4 միլիոն դրամ, իսկ 2029 թվականին՝ 6 միլիարդ 860.2 միլիոն դրամ։

Միաժամանակ, նախատեսվում է Երևանի սեփական եկամուտների աստիճանական աճ։ Դրանք 2027 թվականին կանխատեսվում են 99 միլիարդ 225.9 միլիոն դրամ, 2028 թվականին՝ 99 միլիարդ 774.3 միլիոն դրամ, իսկ 2029 թվականին՝ 100 միլիարդ 334.6 միլիոն դրամ։

2027 թվականին սեփական եկամուտների խոշոր աղբյուրներից կլինեն անշարժ գույքի գույքահարկը՝ 26.9 միլիարդ դրամ, փոխադրամիջոցների գույքահարկը՝ 13.2 միլիարդ դրամ, շինարարության թույլտվությունների վճարները՝ 11.2 միլիարդ դրամ, ինչպես նաև այլ տեղական վճարները՝ մոտ 29 միլիարդ դրամ։

Այլ տեղական վճարների կազմում հանրային տրանսպորտի միասնական ծառայություններից օգտվելու վճարներից տարեկան նախատեսվում է ստանալ 19 միլիարդ 980 միլիոն դրամ։ Աղբահանության վճարներից 2027 թվականին կանխատեսվում է 6 միլիարդ 580 միլիոն դրամ եկամուտ։

Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման համար տրամադրվող հատկացումը 2027 թվականին նախատեսվում է 44 միլիարդ 544 միլիոն դրամ։ Այդ ցուցանիշը 2029 թվականին կնվազի մինչև 40 միլիարդ 231 միլիոն դրամ։

2027 թվականի ծախսերի ամենամեծ բաժինները նախատեսվում են տնտեսական հարաբերությունների ոլորտում՝ 61.6 միլիարդ դրամ, և կրթության ոլորտում՝ 51.3 միլիարդ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսվում է հատկացնել 13.4 միլիարդ դրամ, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների համար՝ 7.4 միլիարդ դրամ, հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտներին՝ 6.8 միլիարդ դրամ։

Առանձին ծրագրերից ամենամեծ ֆինանսավորումը նախատեսվում է հանրակրթության ապահովման համար՝ 25 միլիարդ 258.9 միլիոն դրամ, և հանրային երթուղային տրանսպորտի համար՝ 22 միլիարդ 763.7 միլիոն դրամ։

Նախադպրոցական կրթության ապահովմանը 2027 թվականին նախատեսվում է ուղղել 18 միլիարդ 309.4 միլիոն դրամ, ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացմանը՝ 14 միլիարդ 254.4 միլիոն դրամ, իսկ Երևանի մետրոպոլիտենի շահագործմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը՝ 9 միլիարդ 451 միլիոն դրամ։

Հանրային շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար 2027 թվականին նախատեսվում է շուրջ 8 միլիարդ 932.3 միլիոն դրամ։ Աղբահանության և սանիտարական մաքրման համար կհատկացվի 6 միլիարդ 471.5 միլիոն դրամ, կանաչ ֆոնդի արդիականացման և պահպանման համար՝ 5 միլիարդ 599.2 միլիոն դրամ։

Բազմաբնակարան շենքերի և բակային տարածքների բարեկարգման ծրագրին նախատեսվում է հատկացնել շուրջ 5 միլիարդ 10.3 միլիոն դրամ, վերելակային տնտեսության արդիականացմանը՝ 1 միլիարդ 837.4 միլիոն դրամ, իսկ ջրահեռացման համակարգերի արդիականացմանը՝ 149 միլիոն դրամ։

Միջնաժամկետ ծրագրում ներառված է 55 բյուջետային ծրագիր և 149 միջոցառում։ Դրանք առնչվում են ծառայությունների մատուցմանը, համայնքային և հանրային ակտիվների կառավարմանը, ֆինանսավորման ծախսերին ու տրանսֆերտների տրամադրմանը։

Ծրագրի գերակա ուղղությունների թվում են հարմարավետ ենթակառուցվածքների, հասանելի կրթության և առողջապահության, կանաչ միջավայրի, հանրային տրանսպորտի, էներգաարդյունավետության, մշակույթի, զբոսաշրջության և սոցիալական պաշտպանության զարգացումը։

Երևանի ավագանու որոշման նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն