«Կլիմայական արտակարգ իրավիճակ է». Իսպանիայի վարչապետը՝ չդադարող հրդեհների մասին | azatutyun.am

«Կլիմայական արտակարգ իրավիճակ է». Իսպանիայի վարչապետը՝ չդադարող հրդեհների մասին | azatutyun.am

azatutyun.am Հրշեջները շարունակում են պայքարել Իսպանիայի տարբեր շրջաններում բռնկված խոշոր անտառային հրդեհների դեմ։ Մադրիդից դուրս բռնկվածը, ըստ լրատվամիջոցների, կարող է դառնալ երկրի նորագույն պատմության ամենախոշոր հրդեհը։

Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը վաղը կլիմայի փոփոխության հարցերով խումբ կստեղծի, որի կազմում կընդգրկվեն Իսպանիայի առաջատար հետազոտողներից մի քանիսը՝ կառավարությանը խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

«Սրանք առանձին դեպքեր չեն, սա կլիմայական արտակարգ իրավիճակ է»,- ասել է նա։

Ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտնել է, որ Մադրիդից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Ավիլա նահանգում արդեն մի քանի օր տարածվող հրդեհն այրել է մոտ 47 հազար հեկտար տարածք։

Եթե այդ տվյալները հաստատվեն, ապա հրդեհը կդառնա Իսպանիայի ամենախոշոր անտառային հրդեհը 1968 թվականից ի վեր։

Հրշեջները նաև պայքարում են Մադրիդից արևմուտք գտնվող Սիեռա Օեստե շրջանում և հարևան Տոլեդո նահանգում բռնկված խոշոր հրդեհների դեմ։

Կառավարությունը տուժած շրջաններում հայտարարել է արտակարգ դրություն։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մադրիդում տարհանվել է մոտ 90 հազար մարդ։

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը և թագուհի Լետիցիան նախօրեին այցելել են արտակարգ իրավիճակների ապաստարան և աջակցություն հայտնել տուժածներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն