Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի և Բոլիվիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակի կապակցությամբ:
Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։
«Բոլիվիայի Բազմազգ Պետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետությանը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակի կապակցությամբ և վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու ամրապնդել երկխոսությունը, բարեկամությունն ու համագործակցությունն երկու երկրների միջև»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Դեսպանության փոխանցմամբ՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Կարլոս Պասի հետ:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև՝ միջազգային հարթակներում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը:
ՀՀ դեսպանն ու Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալն անդրադարձել են նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ երկուստեք ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը նպաստելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ: