Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը | armenpress.am

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը | armenpress.am

armenpress.am Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը։

Երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք էին բերել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ լավատես է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում։

Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում են, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի լինի։

Թոփթաշը տեղեկացրեց, որ Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար։

Բացի այն, որ սահմանն է փակ, ինչն այս պահին ամենալուրջ խոչընդոտն է երկաթուղու գործարկման համար, նաև ենթակառուցվածքները վերականգնման կարիք ունեն։ Աքյաքայի քաղաքապետը մանրամասնեց, որ այս պահին շինարարություն է ընթանում հենց Աքյաքա-Գյումրի երկաթուղային ճանապարհի ենթակառուցվածքների վերականգնման համար, որը, քաղաքապետի գնահատմամբ, կավարտեն 2-3 ամսից։  Ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, հայտարարվել են շինարարության հրապարակային մրցույթներ։

«Այնպես որ շինարարությունը սկսված է, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- նշեց Աքյաքայի քաղաքապետը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ սկսված շինարարական աշխատանքները Հայաստան-Թուրքիա սահմանի բացման նախապատրաստությունն են:

Սակայն ամեն ինչ այդքանով չի սահմանափակվում․ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման ուղղությամբ։

«Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի մրցույթն արդեն հայտարարված է, և ակնկալում ենք, որ աշխատանքներն այնտեղ նույնպես կսկսվեն: Եվ սա մեր կառավարությունների քաղաքականության մի մասն է՝ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները խթանելու համար»,- ասաց Էրդուգեր Թոփթաշը:

Աքյաքայի քաղաքապետն այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից տնտեսապես շահելու են երկու երկրներն էլ։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ կան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն