ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ եղբորը ծեծի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նա նաև հայտարարել է, որ դատական հայցեր է ներկայացնելու այն անձանց դեմ, որոնք դեպքի առնչությամբ իրեն ստահոդ տեղեկություններ կամ զրպարտություն կվերագրեն։
«Սիրելի´ հայրենակիցներ,
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ:
1. Իմ եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում և վստահ եմ, որ բռնություն գործադրած բոլոր անձինք իրավական պատասխանատվության կենթարկվեն:
2. Բռնության ցանկացած դրսևորում` լինի դա ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ տեսակի, բացարձակապես անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից:
3. Հայաստանի Հանրապետությունում, աշխատանքային կամ միջանձնային հարաբերությունների պարզաբանման միակ ընդունելի տարբերակը օրենքն ու իրավական ընթացակարգերն են: Հարաբերությունների պարզաբանման ցանկացած հակաիրավական դրսևորում դատապարտելի է:
4. Այս դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ենթակա են միմիայն և բացառապես իրավական գնահատականի: Որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իմ անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից` անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած: Սա ինձ համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ:
5. Դատական հայցեր եմ ներկայացնելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ինձ կվերագրեն ստահոդ լուրեր և զրպարտություններ` կապված թե այս դեպքի, թե այս դեպքի հետ կապ ունեցող և կապ չունեցող որևէ այլ հարցի հետ: Զրպարտության ցանկացած դրսևորում ունենալու է իրավական հետևանք այն կատարողների համար»,- գրել է Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծի էր ենթարկվել Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը։
ՔԿ մամուլի քարտուղարը հայտնել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Մեկ անձ ձերբակալվել էր։
Միջադեպը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում՝ Ավետ Կոնջորյանի բնակության շենքի շքամուտքի մոտ։ Համացանցում տարածվել է նաև միջադեպը պատկերող տեսանյութ։