«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 178 954.6 հազար դրամ:
Համապատասխան որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության 2026թ. հուլիսի 30-ի հերթական նիստում:
Մրցույթ-փառատոնի կազմակերպման նպատակով ԿԳՄՆ նախարարությունը գնառաջարկ ներկայացնելու հրավեր է ուղարկել 5 կազմակերպության, որոնցից պատասխան են ներկայացրել 2-ը։ Ընտրվել է «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որի ներկայացրած առաջարկը, ըստ հիմնավորման, առավելագույնս համապատասխանել է փառատոնի նպատակներին, բովանդակությանը և կազմակերպչական պահանջներին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հարցը զեկուցելիս նշեց, որ նախատեսվում է փառատոնը դարձնել ամենամյա:
Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ից հայտնել էին, որ մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան իրենց ստեղծագործությունները և կատարումները ներկայացնելու լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան մրցանակների՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից.
- Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ
- Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ
- Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ
- Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ
Նշենք, որ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու ժամկետը ավարտվել է: Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ շուրջ 100 բենդից հայտ է ստացվել:
Փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա 2026թ. օգոստոսի 21-22-ին Սևանա լճի ափին:
ԿԳՄՍՆ փոխանցմամբ՝ փառատոնի հաղթողները կորոշվեն մասնագիտական ժյուրիի և այդ պահին ներկա հանդիսատեսի համատեղ գնահատման արդյունքում՝ 50/50 սկզբունքով, ինչը կապահովի մասնագիտական գնահատականի և հանրային ընտրության հավասարակշռված համադրությունը։