hetq.am Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով Հրազդանի կիրճ հողային և քարային զանգվածներ լցնելու փաստով։
Տեսչական մարմինն այս մասին հայտնել է «Հետքի» հարցման պատասխանում։
«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի հուլիսի 24-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հասցեագրված հարցմանը՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում շինարարական աշխատանքների արդյունքում հողային և քարային զանգվածը Հրազդանի կիրճ, Հրազդան գետի հուն, ինչպես նաև կիրճում աճած ծառերի արանքները լցնելու վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ Տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի ավարտից հետո արդյունքների մասին Ձեզ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է պատասխանում։
Հիշեցնենք, որ «Հետքը» հուլիսի 29-ին հոդված էր հրապարակել այն մասին, որ COP17-ի անցկացման վայրում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում, իրականացվող շինարարության ընթացքում տարածքի հարթեցման հետևանքով առաջացած հողային և քարային զանգվածները լցվել են Հրազդանի կիրճ՝ հասնելով գետի հուն և վնասելով տարածքի ծառերը։
Տեսչական մարմնի հարուցած վարչական վարույթի արդյունքների մասին «Հետքը» կտեղեկացնի ընթերցողին՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո։