arm.sputniknews.ru Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ որոշում չունի, թե ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հարցը դեռևս քննարկումների փուլում է։
«Որոշում չունեմ նաև այն պատճառով, որ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափում պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է ԱԺ նախագահի թեկնածու։ Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի պաշտոնավարել որպես Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: Նոր գումարման ԱԺ-ի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։