news.am Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտված է։ Հուլիսի 30-ին Կառավարության նիստում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով բոլորին այդ իրադարձության առթիվ։
Կառավարության նիստում Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարության տեխնիկական հսկողության ծառայությունների համար հավելյալ հատկացվել է 650 միլիոն 352 հազար դրամ։ Միջոցները կուղղվեն 2025 և 2026 թվականներին մատուցված ծառայությունների համապատասխան վճարումներին։ Ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ արդեն կուտակվել է 12,5 միլիոն խորանարդ մետր ջուր, սակայն ոռոգման շրջանով պայմանավորված՝ ջրալցման գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի ջուրն օգտագործվի ոռոգման նպատակով։
Նա նշել է, որ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում 2027 թվականի վերջին ջրամբարը լիովին կլցվի, իսկ ջրի ծավալը կկազմի 29-30 միլիոն խորանարդ մետր։
Փաշինյանն էլ նշել է, որ նախագծի վրա ծախսվել է 90 միլիոն եվրո՝ հանձնարարելով փաստավավերագրական ֆիլմեր նկարահանել և՛ դրա, և՛ «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի շինարարության, և՛ 300 դպրոցների կառուցման ծրագրի, և՛ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի, և՛ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի, և՛ խաղաղության գործընթացի, և՛ առողջապահական ապահովագրության համակարգի մասին։
Նա պարզաբանել է, որ այդ ֆիլմերի բացակայությունը վկայում է պետության և, ըստ էության, անկախության բացակայության մասին։
Նրա խոսքով՝ այսօր ԶԼՄ-ները, այդ թվում՝ պետական ֆինանսավորում ստացողները, քարոզում են, թե որքան մեծ երջանկություն է պետության և անկախության բացակայությունը։