1lurer.am Պետք է պատասխանները լինեն հիմնավորված, «Վեոլիա Ջուր»-ը, մեր մնացած մարմինները հետևություններ անեն, և անհրաժեշտ որոշումներ կայացվեն։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բյուրեղավանում աղիքային վարակի գրանցված դեպքերին։
«Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, և այդ ոլորտում լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Բայց խնդիրը միայն ներդրումները չեն, որովհետև երբեմն մեզ թվում է, թե ներդրում արեցինք, խողովակ քաշեցինք, և դրանով հարցը լուծվեց։ Եթե այդ ամենը ամենօրյա սպասարկման չենթարկվի, մենք կրկին ունենալու ենք նույն խնդիրները։
Ամենօրյա սպասարկման համար անհրաժեշտ են որոշակի ներդրումներ, և այդ ներդրումները, ընդհանուր առմամբ, աշխարհում գործող սխեմաների համաձայն, ռիսկերի կառավարման տեսանկյունից որոշակիորեն ներառվում են նաև սակագների մեջ։ Մենք պետք է առերեսվենք այս խնդրի հետ։
Հիշում եմ իմ այցելությունը Հանրապետության գյուղերից մեկը, դեռ պատգամավոր էի այդ ժամանակ։ Տեսա, որ մարդիկ իրենց տներում ֆիլտրեր էին տեղադրել և այդպես էին օգտվում ջրից, որովհետև հրաժարվել էին ջրաչափ տեղադրել և կենտրոնացված ջրամատակարարման համակարգից օգտվել։ Հիշում եմ այդ ֆիլտրերը և դրանց տակ կուտակված տիղմի շերտի հաստությունը։
Մենք պետք է առաջնորդվենք ստանդարտներով։ Ստանդարտն այն է, որ այդ բոլոր գործընթացները պետք է ներառված լինեն սակագնի մեջ, որպեսզի կարողանանք երկարաժամկետ ապահովել համակարգի բնականոն աշխատանքը։
Բայց ես վստահ չեմ, որ սա վերաբերում է Բյուրեղավանի դեպքին, որովհետև դրա հետ կապված շատ մանրամասներ չգիտեմ։ Գիտեմ, որ հարցի պարզաբանումն ընթացքի մեջ է, և պետք է պարզվի, թե ինչն է եղել նման իրավիճակի պատճառը»,- ասաց վարչապետը։