Ավելի հարմար փորձառության համար կարող եք տեղադրել մեր հավելվածը անմիջապես ձեր բրաուզերից։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ռուսական բազմաթիվ տելեգրամյան ալիքներ և կայքեր սկսեցին ակտիվորեն տարածել Հայաստանի քաղաքական կյանքին վերաբերող հոդվածներ և վերլուծություններ։
Ռուսաստանի դաշնային բյուջեից ֆինանսավորվող RT (Russia Today) միջազգային լրատվական ցանցի անգլալեզու կայքը՝ RT.com-ը, նույնպես այդ լրատվամիջոցների շարքում էր։ Այն, մայիսի 5-ից սկսած, սկզբում՝ ոչ հաճախ, այնուհետև ամենօրյա ռեժիմով հրապարակում էր հոդվածներ, վերլուծություններ կամ փորձագետների կարծիքներ՝ Հայաստանի ընտրական գործընթացների վերաբերյալ։ Այս հոդվածները պարունակում Էին ընդգծված բացասական վերաբերմունք Հայաստանի իշխանությունների հանդեպ, ներկայացնում Հայաստանի՝ Ռուսաստանից հեռանալու դեպքում հնարավոր հետևանքները, ընդ որում՝ դրանցում Հայաստանը հաճախ համեմատվում էր Ուկրաինայի հետ։ Նույն կամ նման ձևակերպումներով միևնույն ուղերձները կրկնվում էին տարբեր հրապարակումներում։
Լրատվամիջոցը իր կայքում նույնիսկ «The Battle For Armenia» անվանումով հատուկ էջ է ստեղծել, ինչը թարգմանաբար նշանակում է «Պայքարը Հայաստանի համար»։ RT-ն նշել է, որ այդ էջում են զետեղված այն նյութերը, որոնք վերաբերում են Հայաստանի նախընտրական քարոզարշավին, Երևանի և Մոսկվայի միջև խորացող հակասություններին ու ներքաղաքական պայքարին։ Ըստ RT-ի ձևակերպման՝ աշխարհաքաղաքական ուժերը կարող են որոշել՝ Հայաստանը կվերադառնա՞ Ռուսաստանի հետ «կայուն գործընկերության», թե՞ Արևմուտքի հովանավորության ներքո ավելի կխորանա «անորոշության» մեջ։
RT-ն մայիսի 5-ից մինչև հունիսի 11-ը նորաստեղծ էջում տեղադրել է Հայաստանի մասին 25 հրապարակում, ընդ որում՝ դրանցից 10-ը՝ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, և հաջորդ օրը՝ հունիսի 8-ին։ Հատկանշական է, որ այս հրապարակումներում քննադատություններ և մեղադրանքներ են հասցեագրվում ինչպես հայաստանյան իշխանություններին, այնպես էլ Եվրոպական միությանը։
Ուսումնասիրելով հրապարակումների միայն վերնագրերը՝ կարելի է նկատել, որ 25-ից 10-ը պարունակում է բացասական հետևանքների, պատժիչ գործողությունների մասին նախազգուշացումներ՝ ուղղված Հայաստանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մյուս հրապարակումների վերնագրերում թեև չկա ընդգծված մեղադրանք կամ սպառնալիք, սակայն դրանք ևս չեզոք չեն կարող համարվել։
Դիտարկված հրապարակումներում սպառնալից և մեղադրական ձևակերպումների մեծ մասը վերաբերում է տնտեսությանը։ Դրանցում շահարկվում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի շուկայից։ Վերլուծելով RT-ի «Պայքարը Հայաստանի համար» էջի բոլոր 25 հրապարակումները՝ նկատել ենք, որ 42 անգամ հիշատակվում է Հայաստանի՝ Ռուսաստանից տնտեսական կախվածության մասին։ Այդ հիշատակումներում ուղիղ և ոչ ուղիղ եղանակով նշվում է, որ Հայաստանը կարող է զրկվել տնտեսական այն առավելություններից, որոնք այս պահին ունի՝ պայմանավորված ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքով։ Բազմաթիվ են հիշատակումներն այն մասին, որ Մոսկվան չի հանդուրժի Հայաստանին ԵԱՏՄ կազմում, եթե այն շարունակի ձգտել դեպի ԵՄ։ Օրինակ, հոդվածներից մեկում անդրադարձ կա այն հայտարարությանը, որ ԵՄ-ն պատրաստ է 50 մլն եվրոյի աջակցություն տրամադրել ՀՀ-ին, մինչդեռ, ըստ հրապարակման, այդ թիվը Երևանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ Հայաստանի տարեկան առևտրաշրջանառության մոտ 1%-ն է կազմում։
Հրապարակումներում նշված տնտեսական «նախազգուշացումները» հաճախ վերաբերում են նաև Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազին։ Ուսումնասիրության ընթացքում առանձնացրել ենք գազի վերաբերյալ 7 հիշատակում, որոնցից բոլորում էլ շեշտվում են Հայաստանի կախվածությունը ռուսական վառելիքից և այն, որ Մոսկվայից հեռացումը կարող է հանգեցնել շահավետ գնով գազի մատակարարումից զրկվելուն։ Օրինակ, հրապարակումներից մեկում նշված է, որ Մոսկվան զգուշացրել է՝ եթե Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունից, որտեղից այն ներմուծում է իր գազի մոտ 82%-ը, այն կարող է կորցնել «շատ գրավիչ» արտոնյալ գներից օգտվելու հնարավորությունը։
Չնայած «Պայքարը Հայաստանի համար» էջում հրապարակված նյութերում հիմնականում քննարկվում են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական կապերը և առկա առավելություններից զրկվելու հեռանկարը, Հայաստանի անվտանգային հարցերը ևս քննարկվում են։ Անվտանգությանը վերաբերող հրապարակումները հիմնականում զուգորդվում են Ուկրաինայի հետ համեմատությամբ։ Դրանք մատնանշում են Հայաստանի և Ուկրաինայի քայլերի նմանությունը և շեշտում, թե դա ինչի հանգեցրեց Ուկրաինայի դեպքում, և որ նույնը կարող է կրկնվել Հայաստանի համար։
25 հրապարակումներում առնվազն 17 անգամ հիշատակվում է Ուկրաինայի օրինակը, և համեմատություն է անցկացվում Հայաստանի հետ։ Նյութերից մեկում մեջբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե Փաշինյանը Ռուսաստանին արհեստականորեն դարձնում է իր թշնամին և երկիրը տանում Ուկրաինայի ճանապարհով։ Միայն այս մեջբերումը հիշատակվում է չորս տարբեր հրապարակումներում։ Նյութերից մեկը նույնիսկ վերնագրված է այսպես՝ «Մեկ այլ հետխորհրդային երկիր հետևում է Ուկրաինայի ուղուն. արդյո՞ք ավարտը տարբեր կլինի»։
«Պայքարը Հայաստանի համար» էջում Հայաստանի մասին վերջին հրապարակումը եղել է հունիսի 11-ին։ RT-ում հրապարակված նյութերը, սակայն, միայն լրատվամիջոցի կայքում չէ, որ տեղ են գտել։ Դրանք վերահրապարակվել են հարյուրավոր այլ կայքերում ևս։
RT-ի կայքը, թեև հասանելի է Հայաստանի տարածքում, սակայն աշխարհի շատ երկրներում ունի գործունեության, տարածման սահմանափակումներ, ինչպես, օրինակ, Եվրոպական միության տարածքում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլուր։ Այս սահմանափակումների պայմաններում RT-ի հոդվածները տարածվում են նաև բովանդակության զանգվածային վերահրապարակման ցանցերով՝ այդպիսով հասանելի դառնալով տարբեր երկրների լսարաններին։
RT-ի նյութերը զանգվածաբար վերահրապարակող ցանցերից մեկը Big News Network-ն է (BNN), որը գրանցված է ԱՄԷ-ում՝ Դուբայում։ Սա բովանդակության զանգվածային տարածման անգլալեզու կայքերի ցանց է, որը մոտ 400 առանձին դոմեն ունի։ Կայքերի անվանումները հիմնականում նմանօրինակ են, պարունակում են երկրների կամ քաղաքների անվանումներ, օրինակ՝ mexicostar.com, brazilsun.com, canadastandart.com և այլն։ Դրանք ներկայանում են որպես ազգային կամ տեղական լրատվամիջոցներ և տարածում այդ երկրներում արգելված բովանդակությունը։ Այդ կայքերի կառուցվածքը նմանեցված է արժանահավատ լրատվամիջոցների կայքերին։
Ելնելով այն կանխավարկածից, որ այս կայքերը ինքնաշխատ կերպով վերահրապարակում են RT-ում տեղադրված հոդվածները, փորձեցինք ստուգել դրանք։
Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ BNN-ի տարբեր կայքերում նույն նյութի հղման (URL) կառուցվածքը պահպանվում է․ նույնական են նյութի հղման թվային նույնականացուցիչն ու վերնագրից կազմված հատվածը, իսկ փոխվում է միայն դոմեյնը։
Հայաստանի մասին RT-ի վերջին հրապարակումը եղել է հունիսի 11-ին «Eurasia’s EU dream now comes with an anti-Russian price tag» վերնագրով, թարգմանաբար՝ «Եվրասիայի ԵՄ երազանքն այժմ գալիս է հակառուսական գնով»։ Այս հրապարակումը գտանք Big News Network-ի կայքերից մեկում, որտեղից վերցրինք հոդվածի հղումը (URL)։
Ավտոմատացված ստուգման միջոցով պարզեցինք, որ 384 կայքից 306-ում հոդվածը վերահրապարակվել է։
Նույն սկզբունքով նույնականացրել ենք RT-ի «The Battle For Armenia» էջում Հայաստանի մասին հրապարակված նյութերից ևս 14-ը, որոնք նույնպես արտատպվել են Big News Network-ի կայքերում։ Այսպիսով, նույնականացված 15 նյութը միասին BNN-ի կայքերում հրապարակվել են առնվազն 2947 անգամ։ Այս թիվը նյութերի արտատպումների նվազագույն քանակն է, քանի որ որոշ կայքեր թույլ չեն տալիս ավտոմատացված եղանակով տվյալներ դուրս բերել։ Մինչդեռ «ձեռքով»՝ ոչ ավտոմատ կերպով ստուգելու դեպքում, կարելի է տեսնել, որ այդ կայքերում ևս հոդվածների արտատպումներ առկա են, ուստի վերջնական թիվը կարող է էականորեն ավելին լինել։
Բացի BNN-ի հարթակներից՝ Հայաստանի մասին RT-ի հրապարակումները հայտնվել են նաև Australia National Review (ANR) ցանցում, մասնավորապես՝ London Times, cnbsnews և goldcoastreview կայքերում։ Այս կայքերը նախկինում ևս տարածել են Հայաստանի մասին ապատեղեկատվություն պարունակող հոդվածներ։
«The Battle For Armenia»-ի նման մի էջ էլ՝ «The Battle For Bulgaria» անունով, RT-ն ստեղծել էր Բուլղարիայի համար, որտեղ ևս այս տարվա ապրիլի 19-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։
Digital Forensic Research Lab (DFRLab)-ը հունիսին նույնականցրել էր բազմաթիվ կայքեր Big News Network-ում, որոնք այս դեպքում էլ տարածել էին RT-ի՝ «Պայքար Բուլղարիայի համար» էջում հրապարակված հոդվածները։ Դրանք հրապարակվել էին BNN-ի հարյուրավոր կայքերում։
Այս ցանցի գործունեության մասին ավելի վաղ գրել էր նաև «Alliance for Securing Democracy»-ն՝ նկատելով, որ ցանցը տարածում է ոչ միայն Russia Today-ի, այլ նաև չինական պետական լրատվամիջոցների բովանդակությունը։ Չնայած BNN-ի կայքերում RT-ի բովանդակության զանգվածային տարածմանը՝ հրապարակային տվյալներով հնարավոր չէ պարզել՝ կողմերի միջև կա՞ որևէ պայմանագրային համագործակցություն, թե՞ ոչ։
Այսպիսով՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների շրջանում ռուսական RT-ն հրապարակել է Հայաստանի վերաբերյալ քննադատական, մեղադրական, նախազգուշացումներ պարունակող 25 հոդված, որոնք բովանդակության զանգվածային տարածման միայն մեկ ցանցում ներգրավված կայքերով վերահրապարակվել են շուրջ 3000 անգամ։