Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն | factor.am

Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն

Այրիջայի լեռներում շների հարձակման թիրախում հայտնված այս տարվա էգ արջի քոթոթը բնակիչների միջամտությամբ փրկվել և տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ հետագա խնամքը կիրականացվի վայրի բնություն վերադարձնելու նպատակով։

«Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) մասնագետները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից (ԲԸՏՄ) ահազանգ են ստացել Մարտունի քաղաքի սեփական տներից մեկում գտնվող արջի քոթոթի մասին։ Կենտրոնի մասնագետները, տեսուչների ուղեկցությամբ, անմիջապես մեկնել են նշված հասցե։

Ըստ հայտնաբերողների՝ քոթոթին նկատել են Այրիջայի լեռներում, որտեղ կենդանին հայտնվել էր շների հարձակման թիրախում։ Բնակիչները միջամտել են, կենդանուն ազատել վտանգից, ժամանակավորապես տեղափոխել անվտանգ տարածք և կապ հաստատել ԲԸՏՄ տեսուչների հետ։

Տեղում իրականացված նախնական զննության համաձայն՝ այս տարի ծնված էգ քոթոթը բավականին ակտիվ է, դրսևորում է վայրի վարքագիծ և մարդկանց նկատմամբ առողջ զգուշավորություն։ Կենդանու առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։

Քոթոթն արդեն տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։ Նա դարձավ կենտրոնում խնամվող 5-րդ քոթոթը․ այս պահին ապաստարանում արդեն իսկ գտնվում են ևս 4 արջի ձագեր։ Մասնագետների շուրջօրյա հսկողությամբ և բնությանը հնարավորինս մոտեցված պայմաններում իրականացվելու է նրանց խնամքն ու աճեցումը՝ հետագայում վայրի բնություն անվտանգ վերադարձնելու նպատակով։

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) Հայաստանում և տարածաշրջանում եզակի մասնագիտացված կառույց է, որը հիմնադրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Կենտրոնի առաջնային առաքելությունն է անազատության մեջ հայտնված, վիրավոր կամ որբացած վայրի կենդանիների փրկությունը, առողջացումը, վերականգնումը և, հնարավորության դեպքում, դրանց վերադարձը բնական միջավայր։ Կենտրոնն ապահովված է հատուկ ապաստարաններով ու կենդանաբուժական ենթակառուցվածքներով, որոնք թույլ են տալիս կենդանիների խնամքն իրականացնել մարդու հետ նվազագույն շփմամբ՝ պահպանելով նրանց վայրի բնազդները»,- ասված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն