azatutyun.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կմասնակցի օգոստոսի 6-7-ը նախատեսված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
«ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Ասելու եմ այն, ինչ ասել եմ բրիֆինգում: Ես բրիֆինգում ասել, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է: Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, և կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին էլ հայտարարել էր, թե Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումների հետևանքով Եվրասիական միության ճակատագիրը կասկածի տակ է:
«Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ պրոբլեմը Հայաստանինն է, բայց այդ պրոբլեմը Հայաստանինը չէ, դա ԵԱՏՄ պրոբլեմն է, որովհետև փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է ու չի աշխատում: Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը», – ասաց Փաշինյանը: