19-ամյա ժամկետային զինծառայողի մոտ դաժան ծեծի հետքեր չի արձանագրվել. ՄԻՊ | arm.sputniknews.ru

19-ամյա ժամկետային զինծառայողի մոտ դաժան ծեծի հետքեր չի արձանագրվել. ՄԻՊ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալում 19-ամյա ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի մոտ դաժան ծեծի հետքեր չի արձանագրել։ Այս մասին Մանասյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում։

«Որպես այդպիսին, դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել, սա կուզենամ հատուկ նկատի ունենանք։ Հանդիպման ընթացքը, նկատի ունենալով անձի, այդ թվում հոգեկան առողջության վիճակը, վստահության վրա հիմնված է եղել, անձը տարբեր հարցերով է կիսվել, այդ թվում հենց իր հոգեբանական վիճակով»,- ասաց Մանասյանը։

Մանասյանի խոսքով ՝ այժմ ուշադրության կենտրոնում պետք է լինի զինծառայողի իրավունքները։ Մասնավորապես, անհրաժեշտ է որոշել, թե արդյոք նա կարող է շարունակել զինվորական ծառայությունը և արդյոք պիտանի է դրան: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ նման գնահատական պետք է տան իրավասու մասնագետները։

Ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ջերմուկի զորամասում հուլիսի 22-ին 19-ամյա զինծառայողի են դաժան ծեծի ենթարկել, նրան տեղափոխել են Կանազի հոսպիտալ։ Որոշ ժամանակ անց ՊՆ–ն հերքեց այս լուրը` նշելով, որ զինծառայողը հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով, գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում, առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։

Հուլիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը 19-ամյա ժամկետային զինծառայողի վերաբերյալ ահազանգից հետո այցելել էր ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ և բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց էր ունեցել զինծառայողի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն