ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու հերքել իր հայտարարությունը։ Ֆեյսբուքյան էջում նման հայտարարություն է արել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի 8–րդ համար Լիպարիտ Դրմեյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասաց, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ-ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ընթացք ենք տվել վարչապետի հայտարարությանը։
«Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն և դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Կարճ կասեմ` գործել եմ հանուն մեկ սուբյեկտի և այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ Զավեշտն այն է, որ այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին` այս ամենը հետևում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ և ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում»,– գրել է Դրմեյանը։
Լիպարիտ Դրմեյանը հավելել է, որ ՀՀ–ում իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ կառավարությունը Նիկոլ Փաշինյանը չէ։