Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն | 1lurer.am

Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն

Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և ամրացնելու մասին» որոշում։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Ըստ հիմնավորման՝ ԿԳՄՍ նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով բարերարի կողմից նախատեսվում է ՀՀ-ին նվիրաբերել Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող՝ իրեն պատկանող անշարժ գույքը, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով, և խնդրել կազմակերպել նշված անշարժ գույքը ՀՀ-ը որպես նվիրաբերություն ընդունելու հետ կապված գործընթացը։

Որոշմամբ նախատեսվում է ընդունել Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի սեփականություն հանդիսացող՝ Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Գեղարդի խճուղի, 3-րդ փակուղի, 1 հասցեում գտնվող, 817.64 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.26 հա մակերեսով հողամասի և Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Գեղարդի խճուղի, 2-րդ փակուղի, 6/1 հողամաս հասցեում գտնվող 0.1 հա մակերեսով հողամասի նվիրաբերությունը ՀՀ-ին և ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ գորգերի թանգարանի հիմնադրման և գործունեության ապահովման նպատակով՝ պահպանելով այդ տանը բարերարի բնակության իրավունքը։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ձևավորել հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն