Գործադիրը հաստատել է 2026 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծարանների կայուն արտադրական գործունեության ապահովման պետական աջակցության տրամադրման միջոցառումը։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գործող արդյունագործական ձկնաբուծական տնտեսությունների ֆինանսական և արտադրական կայունության ապահովման հրատապ անհրաժեշտությամբ։
Վերջին շրջանում ձկան և ձկնամթերքի արտահանման ոլորտում առաջացած դժվարությունների, իրացման խնդիրների և շրջանառու միջոցների սղության հետևանքով տնտեսավարողները բախվել են արտադրության շարունակականության ապահովման խոչընդոտների, ինչը կարող է հանգեցնել արտադրության ծավալների կրճատման, արտահանման ներուժի նվազման, աշխատատեղերի կորստի և ոլորտի մրցունակության թուլացման։
Միջոցառման շրջանակներում առաջարկվում է 2026 թվականի ընթացքում պետական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գործունեություն իրականացնող արդյունագործական ձկնաբուծական տնտեսություններին՝ աջակցության չափը սահմանելով տվյալ տնտեսությունների կողմից 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում միջին ամսական ծավալով ձեռք բերված ձկան կերի փաստացի արժեքի 20 տոկոսի չափով։ Ծրագրի շրջանակում աջակցությունը նախատեսվում է տրամադրել ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող արդյունագործական ձկնաբուծական տնտեսություններին։ 1 կգ ձկան արտադրության համար ծախսվում է միջին հաշվով 1,25 կգ կեր, ուստի 24,0 հազար տոննա ձկան արտադրության համար հանրապետությունում տարեկան օգտագործվում է շուրջ 30 հազար տոննա ձկան կեր։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հանրապետությունում 1 կգ ձկան կերի միջին արժեքը կազմում է շուրջ 900 ՀՀ դրամ։ Արդյունքում` տարեկան կերի ձեռքբերման արժեքը կազմում է շուրջ 27,0 մլրդ դրամ, որից ամսական՝ շուրջ 2,25 մլրդ դրամ։ Քանի որ ծրագրով նախատեսվում է փոխհատուցել 2026 թվականի առաջին կիսամյակի միջին ամսական ծավալով ձեռք բերված ձկան կերի փաստացի արժեքի 20 տոկոսը, ապա մեկ ամսվա պետական աջակցության անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն շուրջ 450 մլն դրամ։
Որոշման ընդունման արդյունքում կմեղմվեն ձկան արտադրության ծավալների նվազման միտումները, կպահպանվեն արտադրական ծավալները, կպահպանվեն ձեռնարկությունների աշխատատեղերը, որը կնպաստի արդյունագործական ձկնաբուծարանների բնականոն գործունեության պահպանմանը, ձկնաբուծության ոլորտի կայուն զարգացմանը և արտահանման ծավալների պահպանմանը։
Վարչապետն ընդգծել է, որ այս պրոցեսը լավ առիթ է անդրադառնալու ոլորտների հետ կապված բովանդակային հարցերին:
«Շատ երկար ժամանակ մեր տնտեսությանն այն ուղերձն ենք տալիս, որ տնտեսական կապերը պետք է դիվերսիֆիկացնել: Դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել, չնայած այն բանին, որ Կառավարությունը լայն գործիքակազմ է տրամադրել: Իսկ դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել հիմնականում մի պատճառով, որովհետև գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով, նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը, ստանդարտները բարձրացնելու ճանապարհով»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ անհրաժեշտ է առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ աջակցությունը պետք է օգտագործել ի նպաստ զարգացման, արտադրանքի որակի բարձրացման:
Երկրի ղեկավարն այս համատեքստում ընդգծել է, որ անհրաժեշտ է ոչ միայն ձկնաբուծության, այլ բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ երկխոսության գնալ և գտնել անհրաժեշտ լուծումներ՝ ուղղված տնտեսության արդյունավետության և որակի բարձրացմանը: