Հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություն

«Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություն

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն  օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների և հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը («Մուլտի Ռեստ Հաուս»-խմբ․) թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները:

Հարկեր չվճարելու նպատակով  ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ընկերության կողմից,  մտցվում են խեղաթյուրված տվյալներ՝ աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների իրական չափերի, ինչպես նաև իրացման իրական շրջանառության վերաբերյալ։

 

«Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացվող հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների և իրացման շրջանառության վերաբերյալ առերևույթ խեղաթյուրված տվյալներ մտցնելու՝ իրական չափերը չնշելու միջոցով չի հաշվարկել և չի վճարել ընդհանուր շուրջ 78,4 մլն ՀՀ դրամի հարկեր և վճարներ։ Մասնավորապես, ընկերության կողմից 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները նշվել է շուրջ 190,2 մլն ՀՀ  դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն  ժամանակահատվածում այն կազմել է ավելի քան 340,4 մլն ՀՀ դրամ։

Բացի այդ պարզվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237,5 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136,5 մլն դրամ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պետական եկամուտների կոմիտեն բոլոր հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ տնտեսական գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից, և այդ նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու տնտեսական գործունեության վերաբերյալ կազմվող հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալների իրական հանգամանքները պարզելու հարցում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծանուցում` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն