factor.am Իսպանիան զինվորականների է տեղակայում Սեուտայում՝ Մարոկկոյի հետ սահմանին կարգուկանոնը վերականգնելու համար, այն բանից հետո, երբ հազարավոր միգրանտներ ներխուժել են այդ փոքր իսպանական տարածք, գրում է AP-ը։
Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Սեուտայի իշխանությունները դիմել են Մադրիդի կենտրոնական կառավարությանը՝ սահմանային ճգնաժամը կարգավորելու համար լրացուցիչ ուժեր տրամադրելու խնդրանքով, որը հինգշաբթի սրվել է սահմանային ցանկապատն անցնել փորձող մարդկանց մեծ բազմության պատճառով։
Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ զինված ուժեր կուղարկի՝ օգնելու Քաղաքացիական գվարդիային «պահպանել անվտանգությունը Սեուտա քաղաքում»։ Այն նաև հայտարարել է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կմիանա Ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկային ուրբաթ Սեուտա այցի ժամանակ։
«Իրավիճակը լիակատար քաոսային է։ Հնարավոր չէ ճշգրիտ թվեր նշել, բայց հազարավոր միգրանտներ են անցնում»,- Associated Press-ին ասել է Սեուտայում սահմանը հսկող ասոցիացիայի ներկայացուցիչ Ռաշիդ Սբիհին՝ հավելելով, որ սահմանը «լիովին փլուզվել է»։
Իսպանական կառավարության պատվիրակությունը Սեուտայում հայտնել է, որ հինգշաբթի քաոսի ընթացքում զոհվել է առնվազն 9 մարդ: Այն չի տրամադրել մահվան հանգամանքների մանրամասները: Տեղական իշխանությունների տվյալներով՝ այս տարի տասնյակ մարդիկ են մահացել Սեուտա հասնելու փորձ կատարելիս:
Իսպանիայի և Մարոկկոյի միջև սահմանին լարվածությունը սրվել է չորեքշաբթի իսպանական էքսկլավ հասնելու փորձ կատարող միգրանտների հոսքի աճից հետո։ Նրանք փորձում են Սուետա հասնել հիմնականում լողալով։
Մարոկկոյի իշխանությունները հրապարակայնորեն չեն մեկնաբանել սահմանային անցումները, իսկ Մարոկկոյի Ներքին գործերի նախարարությունը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։
Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մարոկկոյի կառավարությունը «սերտորեն համագործակցում է» Իսպանիայի հետ իրավիճակը կարգավորելու համար, և որ Մարոկկոյի ոստիկանությունը կանգնեցնում է «բազմաթիվ մարդկանց», որոնք փորձում են հատել սահմանը։ Երկու երկրներն էլ համաձայնել են համատեղ աշխատել «բոլոր այն մարդկանց հնարավորինս շուտ վերադարձնելու համար, ովքեր անօրինական կերպով մտել են Սեուտա»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում