«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանին։
Այլ խմբակցություններ թեկնածու չեն ներկայացրել։
Իրենց թեկնածուին ներկայացրեց խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:
«Ես առաջարկում եմ այս խորհրդարանը դարձնել սուր, բայց բարեկիրթ, մարդկային պարկեշտության սահմանները չհատող քննարկումների տեղ։ Սա իմ առաջարկն է։
Այո, մենք տարբեր կարծիքներ ունենք գրեթե ամեն ինչի մասին, բայց մենք կարող ենք մի պարզ բանի շուրջ կոնսենսուսի գալ։ Մենք ընտրում ենք պարզ մարդկային բարեկրթությունը և պարկեշտությունը միմյանց հետ այս դահլիճում փոխհարաբերվելիս։ Վերջ»,- իր ելույթում նշեց ԱԺ նախագահի թեկնածուն։
Նա շնորհավորեց Նարեկ Կարապետյանին և Աննա Գրիգորյանին իրենց խմբացությունների ղեկավարներ ընտրվելու առթիվ։
Պատգամավորները հարցեր ուղղեցին Ռուբինյանին։
Իշխան Սաղաթելյանը հարց ուղղեց Ռուբինյանին․ «Իբրև ԱԺ նախագահի թեկնածու՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ որևէ պարագայում Տիգրանաշենը չեք հանձնելու»։
«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը՝ 29, 743 կմ քառակուսի է, և դա լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է։ Ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ կառավարության ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է․ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ներսում են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման միջոցով»,- պատասխանեց ԱԺ նախագահի թեկնածուն։
Ռուբինյանի խոսքով՝ մյուս հարցերը պետք է լուծվեն՝ ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի և կարող են տարբեր լուծումներ ունենալ։
Հարցեր եղան նաև Թուրքիայում Ռուբինյանի գործունեության մասին։