armenpress.am Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը համոզված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիակատար կարգավորումը ժամանակի հարց է և արդեն շատ մոտ է։
Ռուբինյանն այս մասին ասել է Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
Մանուկյանը նշել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ի սկզբանե ներկայացվել է որպես առանց նախապայմանների բանակցություն, սակայն, նրա պնդմամբ, Թուրքիան գործընթացը շարունակում է փոխկապակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։
«Անցնող չորս տարվա ընթացքում Թուրքիան իր քաղաքականության բոլոր հարցերը պայմանավորել է Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ։ Սա փաստում է, որ «առանց նախապայմանների» ձևակերպումը իրականությանը չի համապատասխանում, և Թուրքիան շարունակում է նախապայմաններով խոսել Հայաստանի հետ՝ նաև ճնշում գործադրելով Հայաստանի վրա»,- ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը շարունակում է չլուծված մնալ։
Պատասխանելով հարցին՝ Ռուբինյանը համաձայնել է, որ Թուրքիայից հնչել և շարունակում են հնչել հայտարարություններ, որոնք Հայաստան-Թուրքիա կարգավորումը փոխկապակցում են այլ գործընթացների հետ։
«Դուք ճիշտ եք, որ Թուրքիայից հնչել են և մեկ-մեկ էլ հնչում են հայտարարություններ, որոնք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը փոխկապակցում են այլ գործընթացների հետ»,- ասել է նա։
Ռուբինյանի գնահատմամբ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացն այս պահին ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։
«Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի շուտ վերացրեց Հայաստանից երկաթուղային տարանցման սահմանափակումները, քան Թուրքիան։ Թուրքիան էլ դա արեց։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմա նաև ուղիղ առևտուր կա՝ նկատի ունեմ նավթամթերքը»,- նշել է Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Թուրքիան առավել ակտիվ քայլեր ձեռնարկի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում