Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ | shantnews.am

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ այդ բարձր ու պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մեր պետականության հիմնարար սահմանադրական ինստիտուտներից է, որի գործունեությունից մեծապես կախված են օրենսդիր իշխանության արդյունավետությունը, խորհրդարանական ժողովրդավարության զարգացումը, սահմանադրական արժեքների պահպանումը և հանրային վստահության ամրապնդումը։

Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնը ենթադրում է առանձնահատուկ պատասխանատվություն խորհրդարանի բնականոն գործունեության ապահովման, արդյունավետ օրենսդրական աշխատանքի կազմակերպման, կառուցողական քաղաքական երկխոսության խթանման և պետական իշխանության ճյուղերի միջև սահմանադրական հավասարակշռության ամրապնդման գործում։
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը, խորհրդարանական մշակույթի հետագա ամրապնդմանը և այնպիսի որոշումների կայացմանը, որոնք կծառայեն Հայաստանի Հանրապետության պետական շահին, մեր պետականության շարունակական հզորացմանը, ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիների բարօրությանը։

Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, նրա սահմանադրական ինստիտուտների ամրապնդման, մեր պետության առաջընթացի և ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն