էական կարգապահական խախտում թույլ տված դատավորը չի կարող նորից դիմել դատավոր նշանակվելու համար | hetq.am

էական կարգապահական խախտում թույլ տված դատավորը չի կարող նորից դիմել դատավոր նշանակվելու համար | hetq.am

hetq.am Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ, որը վերաբերում է դատավորների կարգապահական պատասխանատվությանը, նշանակման և առաջխաղացման կարգին։ Ըստ այդմ՝ դատավորները չեն կարողանա հրաժարականով խուսափել կարգապահական պատասխանատվությունից։

Գործող կարգավորումներով, եթե դատավորի լիազորությունները դադարում կամ դադարեցվում են, նրա նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն ինքնաբերաբար կարճվում է։ Սա նշանակում է, որ դատավորը, օրինակ, կարող է հրաժարական տալ և այդպիսով խուսափել կարգապահական վարույթի ավարտից, որը կարող է անբարենպաստ լինել իր համար։

Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ նման կարգավորումը հնարավորություն է տալիս չարաշահումների։ Այդ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) չի կարող վերջնական գնահատական տալ դատավորի վարքագծին, պարզել՝ արդյոք նա թույլ է տվել էական խախտում, ինչպես նաև կանխել, որ նույն անձը հետագայում կրկին հավակնի դատավորի պաշտոնին։

Նախագծով առաջարկվում է սահմանել նախկին դատավորի կողմից էական կարգապահական խախտում թույլ տված լինելու փաստը հաստատելու ընթացակարգ։ Ըստ հեղինակների՝ այս ընթացակարգի ներդրումը հնարավորություն կտա բացառել այն իրավիճակները, երբ էական կարգապահական խախտում թույլ տված դատավորը կարող է կարգապահական վարույթի քննության ընթացքում հրաժարականի դիմում ներկայացնելու միջոցով հասնել վարույթի կարճման, իսկ հետագայում կրկին դիմել դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար։

Միաժամանակ, էական կարգապահական խախտում թույլ տված դատավորի՝ հետագայում կրկին դատավորի պաշտոնին հավակնելու հնարավորությունը բացառելու նպատակով, առաջարկվում է սահմանել, որ եթե ԲԴԽ-ն հաստատել է նախկին դատավորի կողմից էական կարգապահական խախտում թույլ տված լինելու փաստը, ապա նշված դատավորը չի կարող դիմել դատավոր նշանակվելու համար։ Այսպիսով, էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունները դադարեցված լինելը կամ ԲԴԽ-ի կողմից նախկին դատավորի կողմից թույլ տրված էական կարգապահական խախտման առկայությունը հաստատված լինելը դիտարկվել է որպես դատավոր դառնալու սահմանափակում։

Նախագծով նաև առաջարկվում է, որ եթե կարգապահական վարույթը կարճվել է դատավորի հրաժարականի պատճառով, իսկ նա հինգ տարվա ընթացքում կրկին դառնա դատավոր, ապա նախկինում կարճված կարգապահական վարույթը կարող է վերսկսվել։ Միաժամանակ հստակեցվում է, որ վարույթի վերսկսումը չի փոխի վաղեմության ժամկետների հաշվարկը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, կապահովի իրավական որոշակիությունը։

Օրինակ՝ Էստոնիայի օրենսդրությամբ սահմանվում է, որ դատավորն իր դիմումի համաձայն չի ազատվում պաշտոնից կարգապահական վարույթի քննության ընթացքում, իսկ Սերբիայում հրաժարականի դիմումը չի քննարկվում մինչև լիազորությունների դադարեցման վերաբերյալ վարույթի ավարտը։

Հայաստանում պրակտիկ նման դեպք գրանցվել է։ Օրինակ, Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը 2023թ․ հունիսին հրաժարականի դիմում է ներկայացրել, երբ իր վերաբերյալ կարգապահական վարույթ էր նախաձեռնված և ԲԴԽ-ն դեռ որոշում չէր կայացրել։ Դրանից հետո վարույթը կարճվել է, այնուհետև ամիսներ անց՝ 2024թ․ փետրվարի 22-ի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է նույն դատարանի դատավոր։ Մինչդեռ շատ հնարավոր էր, որ հրաժարականի դիմում չներկայացնելու դեպքում, ԲԴԽ-ն դադարեցներ նրա լիազորությունները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն