armenpress.am Ազգային ժողովում ձևավորվելիք Էթիկայի հանձնաժողովում խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունը հավասար թվով անդամներ կունենան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հանձնաժողովի կազմի, ղեկավարության և արդյունավետության վերաբերյալ հարցին։
Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչպես է ձևավորվելու Էթիկայի հանձնաժողովը, այն ղեկավարելու է իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչը, և ինչ արդյունքներ կարող է ապահովել՝ հաշվի առնելով, որ նախորդ գումարման խորհրդարանում մի շարք միջադեպեր հանձնաժողովի բացակայության պատճառով չեն քննվել։
«Իրապես Էթիկայի հանձնաժողով կստեղծվի։ Դա նախորդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում մեր կատարած համապատասխան փոփոխության արդյունքն է»,- ասել է Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ փոփոխված կանոնակարգի համաձայն՝ հանձնաժողովը պետք է կազմված լինի խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը ներկայացնող հավասար թվով պատգամավորներից։
«Առաջին նախագահը կլինի մեծամասնությունից, իսկ տեղակալը՝ ընդդիմությունից։ Վեց ամիս անց նրանք կփոխվեն, և այդպես շարունակ։ Հանձնաժողովը լինելու է ժամանակավոր՝ երկու տարի ժամկետով, որից հետո կթարմացվի»,- նշել է ԱԺ նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում