Պակիստանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական հարձակման հետևանքով 17 մարդ է զոհվել | armenpress.am

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական հարձակման հետևանքով 17 մարդ է զոհվել | armenpress.am

armenpress.am Առնվազն 17 մարդ է զոհվել, 34-ը՝ վիրավորվել Պակիստանի հյուսիս-արևմուտքի Խայբեր Փախթունհվայի նահանգում ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով:

Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին Սվաթի շրջանում: Սպանվածների թվում են յոթ ոստիկան և 10 խաղաղ բնակիչ:

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Աֆղանստանին սահմանակից Բելուջստանի և Խայբեր Փախթունհվայի նահանգներին է բաժին ընկել 2025 թվականին Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների 90%-ը: Երկու տարածաշրջաններում էլ տարբեր զինված խմբավորումներ հարձակումներ են իրականացնում Պակիստանի անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների վրա՝ էթնիկ փոքրամասնությունների՝ փուշտուների և բելուջների իրավունքների պաշտպանության պատրվակով:

Խայբեր Փախթունհվայում ծայրահեղականները ձգտում են ստեղծել այսպես կոչված Վազիրստան իսլամական պետություն: Տարածաշրջանը գտնվում է Աֆղանստանին սահմանակից ցեղախմբերի գոտում: Այն Պակիստանի թեժ կետերից մեկն է՝ «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի և «Ֆիթնա ալ Քավարիջ» խմբավորման զինյալների ակտիվության պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն