ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է ընկերության կողմից («Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-խմբ․) առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 137 մլն 16 հզր 645 ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Ա.Դ.-ի (Արթուր Դալլաքյան-խմբ․) և ընկերության 100 տոկոս մասնակից և իրական շահառու Հ.Գ.-ի (Հայկ Գալստյան-խմբ․) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):
Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 15 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Հ.Գ.-ն կալանավորվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։