Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը | fip.am

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը | fip.am

fip.am Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է տեղեկություն, թե Եվրոպական Միությունը քննարկում է ԵՄ սահմանների ներսում գտնվող անօրինական միգրանտներին  Հայաստան տեղափոխելու հարցը։ Մասնավորապես, Քաղաքագետների միության նախագահ, ՀՀ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «Եվրոպացիները մտմտում են Հայաստանում պարտակել Իտալիա (ամենայն հավանականությամբ նկատի ունի Իսպանիա-Մարրոկո միգրացիոն ճգնաժամի խնդիրը-խմբ․) ներխուժող միգրանտներին»։ Որպես իր ասածի ապացույց նա տեղադրել է մի տեսանյութ, որով հաղորդվում է, թե «Իտալիան առաջարկում է Հայաստանում և ևս մի քանի երկրներում բացել կենտրոն միգրանտներին տեղավորելու համար»։ Այդ հարցը, ըստ նույն աղբյուրի, պլանավորում են օգոստոսի 4-ին քննարկել ԵՄ խորհրդում։

Տեսանյութերը, որ տարածվել են սոցցանցերում` Facebook, TikTok (12), ռուսերենով են։ Սոցիալական ցանցերից բացի, լուրը տարածել են նաև կայքերը, օրինակ, «Սպուտնիկ Արմենիա» ռուսական պետական լրատվամիջոցը այսօր առավոտյան, վկայակոչելով Corriere della Sera իտալական պարբերականին, գրում է, թե «Իտալիան կառաջարկի ստեղծել միգրանտների համար ապրելու կենտրոններ Հայաստանում և մի շարք այլ երկրներում։ Երկրի ներքին գործերի նախարարը օգոստոսի 4-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում ներկայացնելու է առաջարկ՝ բացելու նոր կենտրոններ անօրինական միգրանտներին այդտեղ տեղափոխելու համար»։ Ըստ աղբյուրի, այդ երկրների ցանկում նշվում է նաև Հայաստանը։

Հատկանշական է, որ «Սպուտնիկ Արմենիա»-ից առաջ,  օգոստոսի 2-ին, գիշերը տեղեկությունը տարածել է ռուսական մեկ այլ քարոզչամիջոց՝ «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը։ Նույն տեղեկությունը տարածել է նաև «Вестник Кавказа» ռուսալեզու լրատվամիջոցը։ Վերջինը նկատենք, գործունեությունը ծավալում է Մոսկվայում, խմբագրական բովանդակությամբ մոտ է ռուսական և ադրբեջանական պաշտոնական դիրքավորումներին։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է այս տեղեկության տարածման մեխանիզմները և պարզել՝ արդյոք այն իրականության հետ աղերս ունի։

Նախ պարզել ենք, որ օգոստոսի 4-ին իսկապես կայանալու է ԵՄ ներքին գործերի նախարարների արտահերթ, ոչ պաշտոնական տեսակոնֆերանս։ Սակայն հրապարակված պաշտոնական օրակարգում նշված է միայն Սեուտայում (Իսպանիա-Մարրոկո միգրացիոն ճգնաժամ-խմբ․) ստեղծված իրավիճակի քննարկումը։ Իտալիայի առաջարկի, կենտրոնների կամ Հայաստանի մասին օրակարգում որևէ հիշատակում չկա։ 

Ի՞նչ է իրականում գրել Corriere della Sera-ն

«Փաստերի ստուգման հարթակը» գտել է ռուսական լրատվամիջոցների վկայակոչած՝ օգոստոսի 2-ին Corriere della Sera-ում հրապարակված հոդվածը (այն վճարովի էր-խմբ․)։ Հոդվածի հեղինակը Սիմոնե Կանետիերին է։

Պարբերականը գրում է, որ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին օգոստոսի 4-ի քննարկմանը պատրաստվում է ներկայացնել ԵՄ միջոցներով ֆինանսավորվող՝ «Ալբանական մոդելով» վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու առաջարկ։ Ըստ հրապարակման՝ կենտրոնների մեծ մասը նախատեսվում է տեղակայել աֆրիկյան երկրներում։

Այնուհետև հոդվածում նշվում է, որ արդեն կա այն երկրների նախնական ցանկը, որոնք «կարող են ներգրավվել» նախաձեռնության մեջ։ Դրանք են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։

Սակայն պարբերականը չի հայտնում, թե ով և ինչ սկզբունքով է կազմել այդ ցանկը, ինչ փաստաթղթում է այն ամրագրված և արդյոք Իտալիայի կամ ԵՄ ներկայացուցիչները կապ են հաստատել թվարկված երկրների իշխանությունների հետ։

Նույն հոդվածում Հայաստանի վերաբերյալ այլ տեղեկություն չկա։ Մասնավորապես, չի ասվում, որ Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացվել, բանակցություններ են ընթացել կամ հայկական կողմը համաձայնություն է տվել իր տարածքում նման կենտրոն հիմնելու վերաբերյալ։

FIP.am-ը պարզաբանում է խնդրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Հայաստանի մասով նման տեղեկություն հայտնի չէ։ «Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել», -ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Այսինքն՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկություն չունի երկիրը միգրանտների վերադարձի կենտրոնների ստեղծման նախաձեռնության մեջ ներգրավելու, Հայաստանին նման առաջարկ ներկայացնելու կամ այդ հարցով քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։ 

Հայաստանի անունով ցանկը նոր չէ

Հայաստանը հնարավոր երրորդ երկրների ցանկում առաջին անգամ չէ, որ հայտնվում է։ Նույն 12 երկրների ցանկը շրջանառվել է դեռևս 2026 թվականի ապրիլի սկզբին։

Ապրիլի 1-ին AFP գործակալությունը, հղում անելով դիվանագիտական անանուն աղբյուրներին, գրել էր, որ Դանիան, Ավստրիան, Հունաստանը, Գերմանիան և Նիդեռլանդները երրորդ երկրներում վերադարձի կենտրոններ ստեղծելու հնարավորություններ են ուսումնասիրում։

AFP-ն հրապարակել էր ճիշտ նույն ցանկը՝ Ռուանդա, Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Ուգանդա, Ուզբեկստան, Հայաստան, Չեռնոգորիա և Եթովպիա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն