arm.sputniknews.ru Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը։
Օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ 6 հրեա տղամարդ է ձերբակալվել Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքը թիրախավորելու համար։ Հրեաները թքել են Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի Սուրբ մուտքի վրա և քարեր նետել հայ բնակիչների տների ուղղությամբ։
Քաղաքի ոստիկանության տվյալներով` ձերբակալվածներից 3-ի նկատմամբ սահմանվել է Երուսաղեմի Հին քաղաք մուտքի 15-օրյա արգելք։
«Այսպիսի կրկնվող հարձակումները խորացնում են այն մտահոգությունը, թե դրանց հեղինակները գործում են անպատժելիության մթնոլորտում։ Իսրայելի նախագահ պարոն Իցհակ Հերցոգին կոչ ենք անում հրապարակայնորեն դատապարտել այս հարձակումը և վերահաստատել Իսրայելի պետության հանձնառությունը՝ այն է՝ պաշտպանել Երուսաղեմի և Իսրայելի բոլոր կրոնական և ազգային համայնքների անվտանգությունը, արժանապատվությունն ու հիմնարար իրավունքները»,– ասված է հայտարարությունում։
Հանձնախումբը Իսրայելի կառավարությանն ու իրավապահ մարմիններին հորդորել է անհապաղ ու վճռական քայլեր ձեռնարկել, համապարփակ և անաչառ քննություն իրականացնել։
Հայ դատի հանձնախումբը դիմել է նաև ՄԱԿ–ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, «Human Rights Watch»-ին, «Amnesty International»-ին, «Բեցելեմին», Իսրայելի Քաղաքացիական իրավունքների միությանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն այս զարգացումները, հրապարակայնորեն արտահայտեն իրենց մտահոգությունը և գործուն քայլեր ձեռնարկեն ի պաշտպանություն Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների, անվտանգության ու պատմական ներկայության։