armenpress.am Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունն Ուկրաինային օգնելու համար կշարունակի օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:
«Մենք Ուկրաինային ևս 1,4 միլիարդ եվրո ենք տրամադրում այս գումարներից», – գրել է նա։
Պաշտոնյան նշել է Ուկրաինայի վրա ռուսական նոր հարվածների մասին՝ շեշտելով, որ Մոսկվան պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար։
Ֆոն դեր Լայենը գրառմանը կցել է նաև Եվրահանձնաժողովի օգոստոսի 5-ի մամուլի հաղորդագրությունը ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից Կիևին 1,4 մլրդ եվրո հատկացնելու մասին։
«Օգոստոսի 3-ին Եվրամիությունը ստացել է 1,4 միլիարդ եվրոյի անսպասելի շահույթ, որը ձևավորվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի անշարժացված ակտիվներից ստացված դրամական միջոցների մնացորդների տոկոսներից, որոնք պահվում են Արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիաներում», – նշված է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ սա միջոցների նման հինգերորդ փոխանցումն է Կիևին. չորրորդը տրանշը փոխանցվել էր մարտին։
«Այս վճարումը ծածկում է այն եկամուտները, որոնք կուտակվել են 2026 թվականի առաջին կիսամյակում: Անշարժացումից ի վեր ռուսական ակտիվները բերել են ընդհանուր 8 միլիարդ եվրոյի արտակարգ եկամուտներ», – ասվում է հաղորդագրության մեջ։