ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ իր գնահատականը | armenpress.am

ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ իր գնահատականը | armenpress.am

armenpress.am Հայաստանի անվտանգության սպառնալիքներից են Ադրբեջանի հետ խաղաղության դեռևս անշրջելի և ամբողջությամբ ինստիտուցիոնալացված չլինելը, Թուրքիայի հետ փակ սահմանն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև տնտեսական, անվտանգային և էներգետիկ կապերի ոչ բավարար դիվերսիֆիկացումը։

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին և Հայաստանի նկատմամբ առկա սպառնալիքների աղբյուրների վերաբերյալ նրա հարցադրմանը։

«Մեր սպառնալիքները գալիս են, առաջինը՝ Ադրբեջանից. Ադրբեջանի հետ մենք ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չէ և վերջնականապես ինստիտուցիոնալացված չէ։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ լիարժեք խաղաղության բացակայությունը միանշանակ և աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ սպառնալիք է նաև Թուրքիայի հետ սահմանի փակ լինելն ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։

«Մենք ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետև անմիջական հարևանի հետ փակ սահման ունենալն առնվազն տնտեսական սպառնալիք է, իսկ հաստատված դիվանագիտական հարաբերություններ չունենալն առնվազն դիվանագիտական սպառնալիք է»,- նշել է ԱԺ նախագահը։

Ռուբինյանը հնարավոր սպառնալիքների շարքում ընդգրկել է նաև Հայաստանի տնտեսական ու անվտանգային կապերի, էներգետիկ ռեսուրսների աղբյուրների և տարանցիկ ճանապարհների ոչ բավարար դիվերսիֆիկացված վիճակը։

Նրա խոսքով՝ իշխանության և ընդդիմության մոտեցումների տարբերությունն այն է, որ իշխանությունը փորձում է արձանագրված սպառնալիքները չեզոքացնել և դրանց լուծումներ գտնել։

«Մենք տեսնում ենք սպառնալիքը և ուզում ենք վերացնել կամ չեզոքացնել այն։ Տեսանք, որ խաղաղություն չկա, հասանք խաղաղության։ Հիմա տեսնում ենք, որ այն դեռ անշրջելի չէ և հարյուր տոկոսով ինստիտուցիոնալացված չէ, ու ուզում ենք այն անշրջելի դարձնել և ինստիտուցիոնալացնել»,- ասել է Ռուբինյանը։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նա նշել է, որ հայկական կողմը բանակցությունների միջոցով փորձում է հասնել սահմանի բացմանն ու հարաբերությունների կարգավորմանը։

«Տեսնում ենք Թուրքիայի հետ փակ սահմանը, տեսնում ենք, որ դա սպառնալիք է մեր տնտեսվարողների և ընդհանրապես Հայաստանի համար։ Բանակցում ենք, որպեսզի որևէ լուծման գանք, և այդ ընթացքում քայլ առ քայլ առաջ ենք գնում»,- ընդգծել է ԱԺ նախագահը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն