armenpress.am Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ պետբյուջեում կկատարվի 15,65 միլիարդ դրամի վերաբաշխում․ այս միջոցները կուղղվեն մի շարք հանրապետական և միջպետական ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը։
«Ճանապարհաշինական ծրագրերին գումար հատկացնելու մասին» հարցը հավանության արժանացավ Կառավարության օգոստոսի 6-ի նիստում։
Հարցի զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է կատարել 15,65 միլիարդ դրամի վերաբաշխում և դրանք ուղղել մի շարք ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, փորձաքննության, նախագծերի ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար։
«Նախագծի մեջ ընդգրկված ընդհանուր ճանապարների երկարությունը կազմում է 63,5 կմ՝ մի մասը հանրապետական նշանակության, մի մասն էլ՝ միջպետական։ Զգալի մասը տեղական նշանակության ճանապարհներ են։ Կցանկանամ նաև նշել, որ նախորդ չզեկուցվող հարցերի երկու հարցով էլ կրկին վերաբաշխումներ ենք արել, և 3,7 միլիարդ դրամ արդեն հատկացրել ենք ընդհանուր 76,4 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգման և 1,6 միլիարդ դրամ՝ կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 6 կմ երկարությամբ ճանապարհների նորոգման ու հիմնանորոգման համար»,-մանրամասնեց Դավիթ Խուդաթյանը։