azatutyun.am Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը Վաշինգտոնում քննարկել են եվրոպական անվտանգության ապահովման գործում Եվրոպայի ավելի մեծ դերակատարության անհրաժեշտությունը, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
Ռուբիոն հանդիպումից առաջ լրագրողներին հայտնել էր, որ օրակարգում նաև Ուկրաինայի հարցն է լինելու։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակտիվացրել է հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումն ավելացնելու վերաբերյալ դաշնակիցներին ուղղված կոչերը, մինչ Ռուսաստանը սաստկացնում է բալիստիկ հրթիռներով հասցվող հարվածները։
Ըստ ՄԹ ԱԳՆ-ի՝ Միլիբենդը հանդիպմանը նախատեսել է վերահաստատել Լոնդոնի դիրքորոշումը, որ Ուկրաինայի անվտանգությունը և եվրոպական ու անդրատլանտյան անվտանգությունն անբաժանելի են՝ շեշտելով Մեծ Բրիտանիայի հանձնառությունը՝ Ուկրաինայի կողքին լինել այնքան, որքան անհրաժեշտ կլինի։
Պետքարտուղարությունից հայտնել են, որ անդրադարձ է կատարվել նաև համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցի ճգնաժամին, որը Իրանը փաստացի փակ է պահում իր դեմ ամերիկա-իսրայելական հարձակումից ի վեր։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը երկուստեք վերահաստատել են նեղուցում անվտանգ տարանցումն ապահովելուն, ինչպես նաև Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը թույլ չտալուն ընդհանուր հանձնառությունը։
Հանդիպումից առաջ տարածված հայտարարության մեջ Միլիբենդն ընդգծել էր Մեծ Բրիտանիայում ապրուստի թանկացումը մեղմելու համար ջրային ուղու վերաբացման կարևորությունը։
Ըստ բրիտանական կողմի՝ հանդիպումը ջերմ և արդյունավետ մթնոլորտում է անցել, և դիվանագետները պայմանավորվել են առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում սերտ կապի մեջ մնալ։