Արամ Վարդևանյանը ներկայացրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր գործունեության առաջնահերթությունները | armenpress.am

Արամ Վարդևանյանը ներկայացրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր գործունեության առաջնահերթությունները | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցությունը որոշել է ստանձնել Սահմանադրությամբ իրեն վերապահված պատասխանատվությունը՝ խորհրդարանական բոլոր գործիքներն ուժեղ Հայաստան ունենալու նպատակին ծառայեցնելու համար։

Արամ Վարդևանյանն այս մասին ասել է Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանում ունեցած ելույթում։

«Մենք քննարկել ենք՝ արդյոք ընդդիմադիր խմբակցությունները պետք է մասնակցեն Ազգային ժողովի ամբողջական ձևավորման գործընթացին և ստանձնեն Սահմանադրությամբ վերապահված պաշտոնները։ Եկել ենք այն եզրահանգման, որ պետք է ստանձնենք այդ պատասխանատվությունը»,- ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական ուժերը կարող են տարբեր պատկերացումներ ունենալ երկրի զարգացման վերաբերյալ, սակայն Հայաստանի քաղաքացիների և քաղաքական ուժերի ընդհանուր ցանկությունը ուժեղ պետություն ունենալն է։

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուն հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցությունն անհանգստություններ ունի Հայաստանի զարգացման ուղղության, ազգային ինքնությանը վերաբերող խնդիրների և իրավական համակարգում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Վարդևանյանը, մասնավորապես, անդրադարձել է կալանքի և այլ խափանման միջոցների կիրառմանը՝ պնդելով, որ քրեական վարույթներում միշտ չէ, որ պատշաճ կերպով օգտագործվում են տնային կալանքի, վարչական հսկողության և գրավի հնարավորությունները։

Նա նշել է, որ այն դեպքերում, երբ կալանքը հետագայում փոխարինվել է ավելի մեղմ խափանման միջոցով, մեղադրող կողմը հաճախ չի ներկայացրել այն խստացնելու միջնորդություն։

«Ստացվում է՝ ի սկզբանե մենք ճիշտ էինք։ Բայց այդպես չի աշխատում համակարգը։ Մենք լրջագույն խնդիրներ ունենք այս ոլորտում»,- հայտարարել է Վարդևանյանը։

Նրա գնահատմամբ՝ նման խնդիրների լուծման համար անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել խորհրդարանական վերահսկողության հնարավորությունները։

Վարդևանյանն անդրադարձել է նաև Հայաստանի անվտանգության մարտահրավերներին՝ նշելով, որ արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության ոլորտում Ազգային ժողովը մեծ անելիքներ ունի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն