Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. Բաղաեի | 1lurer.am

Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. Բաղաեի | 1lurer.am

1lurer.am Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության նոր  երթուղու աշխարհագրական կոորդինատները, համատեղ հայտարարությունը վերջնականացման փուլում է՝ հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակը: Նրա խոսքով՝ երկու երկրի միջև բանակցությունները շարունակվում են արդեն մոտ երկու ամիս և անցնում են մասնագիտական մթնոլորտում:

Էսմայիլ Բաղաեին հավելել է, որ վերջին շաբաթներին կողմերը բանակցություններ են վարել նաև առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Եթե երրորդ կողմերը չխոչընդոտեն գործընթացը, համատեղ հայտարարության տեքստը պատրաստ կլինի մոտ ապագայում՝ նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Միևնույն ժամանակ, Բաղաեին ընդգծել է, որ Իրանի և Օմանի միջև համաձայնագիրն ինքնին չի կարող երաշխավորել Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը: Նրա խոսքով՝ այն պատճառները, որոնք հանգեցրել են նեղուցի փակմանը, ներառյալ՝ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից շարունակվող սպառնալիքները, մնում են չլուծված:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել էր, որ Հորմուզի նեղուցը շուտով ամբողջությամբ կվերաբացվի: Նրա խոսքով՝ Սպիտակ տան թիմն օգոստոսի 4-ին արդյունավետ բանակցություններ է ունեցել իրանական կողմի հետ, թեև Թեհրանում հերքում են Վաշինգտոնի հետ շփումները:

Reuters-ն էլ գրել է, որ Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավերի տարանցման համար վճարների սահմանումը՝ փոխադրվող բեռների հայտարարագրված արժեքի 3-7 տոկոսի չափով: Նշվում է, որ Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է Հորմուզի նեղուցով տարանցման համար սպասարկման վճար սահմանելուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն