Բարձրագույն կրթության գինը. ինչ են ցույց տալիս 2023-2026 թթ. տվյալները

2026 թ. Հայաստանի պետական և ոչ պետական բուհեր է ընդունվել 10 958 դիմորդ։ Սա հայտագրված դիմորդների 69.1%-ն է և դպրոցական շրջանավարտների՝ 49.35%-ը։ 

Ընդունվածների 81%-ը կամ ամեն 5-ից 4-ը սովորելու է վճարովի համակարգում։ 

Վճարովի կրթության դեպքում ուսման վարձը կարող է կարևոր գործոն դառնալ. մասնագիտություն ընտրելիս դիմորդները կարող են նախապատվությունը տալ այն տարբերակին, որը համապատասխանում է իրենց ֆինանսական հնարավորություններին։

Ինչպե՞ս է փոխվել բարձրագույն կրթության ծառայությունների գինը վերջին տարիներին:

«Ինֆոքոմ» ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի՝ 2023-2026 թթ. հրապարակած տվյալները։

Ուսման վարձերը՝ ԵՊՀ-ի օրինակով

«Ընդունվել եմ 2025 թվականին, երբ ուսման վարձը 700 000 դրամ էր։ Դրանից հետո վարձավճարը չի բարձրացել, հետևաբար, ընթացքում թանկացման կամ դրանից բխող դժվարությունների չեմ բախվել»,- պատմում է Արաքսյա Մխիթարյանը։

Նա Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է, բուհ է ընդունվել արդեն իսկ բարձրացված վարձավճարով. 2021-2022 ուսումնական տարում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսման տարեկան վճարը եղել է 500 000 դրամ, 2022-2023 թթ.՝ 600 000 դրամ, իսկ արդեն 2024-2025 թթ. այն դարձել է  700 000 դրամ։

Թեև ԵՊՀ-ում ուսանողի հետ պայմանագիրը կնքվում է 4 տարով, և ուսման վարձը չի փոփոխվում ուսումնառության ամբողջ ընթացքում, Արաքսյան խոստովանում է, որ, չստանալով որևէ զեղչ կամ կրթաթոշակ, անգամ մտածել է ուսումը կիսատ թողնելու մասին.

«Քանի որ ուսման վարձը բավականին բարձր է և ֆինանսական դժվարություններ է առաջացնում, մտածել եմ ուսումը դադարեցնելու մասին»,- նշում է նա:

Չնայած ԵՊՀ-ում հիմնականում տարեցտարի են փոխվում տարբեր ֆայուլտետների ուսման վճարները, սակայն կան ֆակուլտետներ, որտեղ ուսման վարձը 2023-2026 թթ. մնացել է անփոփոխ։

Օրինակ՝ վերջին 3 տարում Իրավագիտության ֆակուլտետի տարեկան վճարը պահպանվել է 1 000 000 դրամի սահմաններում, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետի վճարը՝ 500 000 դրամ։ 

Ինչ են ցույց տալիս պաշտոնական ցուցանիշները

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով 2023թ.ից մինչև 2026թ․ հունիսին բարձրագույն կրթության ծառայությունների սպառողական գների ինդեքսն աճել է 3.9 տոկոսային կետով՝ 4.6%-ից հասնելով 8.5%-ի։

Ի՞նչ է Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ)

Սպառողական գների ինդեքսը վիճակագրական ցուցանիշ է, որը ցույց է տալիս, թե ինչպես են որոշակի ժամանակահատվածում փոխվել ապրանքների և ծառայությունների գները։

Բարձրագույն կրթության ծառայությունների գների ինդեքսի աճը ցույց է տալիս, որ ոլորտում ծառայությունների գների միջին մակարդակը բարձրացել է նախորդ տարվա համեմատ, սակայն առանձին բուհերում կամ մասնագիտություններում փոփոխությունները կարող են տարբեր լինել։

2023 և 2024 թվականներին բարձրագույն կրթության ոլորտում գների տարեկան աճը եղել է ավելի ցածր՝ համապատասխանաբար 4.6% և 4.8%։

Բարձրագույն կրթության գինը. ինչ են ցույց տալիս 2023-2026 թթ. տվյալները

Ամենամեծ աճը գրանցվել է 2025 թ., երբ ցուցանիշը 4.8%-ից դարձել է 7%, իսկ 2026 թ. արդեն՝ 8.5%։ Այսինքն՝ բարձրագույն կրթության ծառայությունների գների տարեկան աճի տեմպը 2023 թ. համեմատ գրեթե կրկնապատկվել է։

Նշենք, որ ի տարբերություն մի շարք այլ ծառայությունների, որոնց գների ինդեքսը կարող է փոխվել ամիս առ ամիս, բարձրագույն կրթության ծառայությունների գները տարվա ընթացքում չեն փոխվում ամսական կտրվածքով, այլ վերանայվում են հիմնականում ուսումնական տարվա սկզբին։

 

Հեղինակ` 

Աննա Ասլանյան

Մենթոր-խմբագիր`

Տաթև Խաչատրյան

Թողնել մեկնաբանություն