azatutyun.am Ռուսաստանը դիտարկում է Բալթյան տարածաշրջանի կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումներ իրականացնելու հնարավորությունը և դրա համար կարող է օգտագործել խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։
Նրա խոսքով՝ լիտվական հետախուզությունը չի բացառում նման սցենարը, քանի որ Մոսկվան կարծում է, թե Բալթյան երկրները թույլ են տվել Ուկրաինային իրենց օդային տարածքն օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։
Կաունասի գնահատմամբ՝ ռուսական կողմը կարող է կիրառել առգրավված ուկրաինական անօդաչուներ՝ փորձելով վնասել Կիևի հեղինակությունն ու թուլացնել ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այս պահին Բալթյան երկրների նկատմամբ ուղղակի սպառնալիք չկա։
Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր Լատվիան, Լիտվան և Էստոնիան բազմիցս հայտնել են իրենց օդային տարածք մուտք գործած կամ այնտեղ ընկած անօդաչուների մասին։ Տարածաշրջանի իշխանությունների գնահատմամբ՝ դրանց մի մասը շեղվել է երթուղուց՝ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության պատճառով։