azatutyun.am Սաուդյան Արաբիայի հարավում Եմենի հութիների հարձակման հետևանքով 11 խաղաղ բնակիչ է վիրավորվել, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թագավորության զինուժի ներկայացուցիչը։
Հարավային Նաջրան նահանգում հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի յոթ, Եմենի՝ մեկ, Եգիպտոսի՝ երկու և Պակիստանի մեկ քաղաքացի է վիրավորվել, վաղ առավոտյան տեղեկացրել է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը սատարող Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին։
Reuters-ի հաղորդմամբ՝ վիրավորների թվում չորսամյա երեխա կա, որը երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել։
Էր-Ռիյադից զգուշացնում են՝ հութիների և Իրանի աջակցությունը վայելող իրաքյան զինված խմբավորումների կողմից համակարգված հարձակումներն անխուսափելի են:
Թագավորությունը իրանամետ հութիներին մեղադրել է քաղաքացիական օբյեկտներ թիրախավորելու մեջ՝ հայտարարելով, որ կոալիցիան կանի ամեն ինչ՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։
Հութիներից կամ Թեհրանից առայժմ չեն մեկնաբանել Էր-Ռիյադի հայտարարությունները։
Հութիներն ի պաշտպանություն Իրանի արդեն երկու շաբաթ փակել են Կարմիր և Արաբական ծովերն իրար կապող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որը, ինչպես Հորմուզի նեղուցը, առանցքային առևտրային ուղի է։
Երեքշաբթի օրը հութիները ստանձնեցին նույն Նաջրանի օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը։
Նախօրեին էլ հութիների հարձակման հետևանքով Եմենի կառավարական ուժերի ավելի քան 30 զինծառայող սպանվեց։