Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) կենտրոնական կոմիտեի ատենապետ եպիսկոպոս, դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը և ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյը «խոր մտահոգություն» են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակի կապակցությամբ
«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որպես եկեղեցիների համաշխարհային եղբայրություն, վերահաստատում է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի և համաքրիստոնեական ընտանիքի հոգևոր, մշակութային ու պատմական կյանքում։ Որպես ԵՀԽ՝ մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցական ներքին գործերին անհարկի միջամտության կապակցությամբ»,- նշել են Բեդֆորդ-Շտրոմը և Փիլեյը։
Բեդֆորդ-Շտրոմը և Փիլեյը հույս են հայտնել, որ իրավիճակը կլուծվի այնպիսի ճանապարհով, որը նպաստավոր կլինի համայն հայ ժողովրդի բարգավաճման համար։
Օգոստոսի 7-ին, Վաղարշապատի դատարանում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ հռչակված եպիսկոպոս Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Կաթողիկոսը «անհիմն և հանիրավի» է համարում մեղադրանքը։