Ընդունվել մեկ կայքով. ի՞նչ է փոխվել քոլեջ դիմելու կարգում

Եթե ընթացիկ 2026 թվականին դիմել եք քոլեջ, ապա գիտեք, որ ընդունման կարգն արդեն փոխվել է։ Իսկ եթե երկրորդ փուլով եք դիմելու, ապա իմացեք, որ դա կարող եք անել արդեն մեկ միասնական համակարգում՝ զուգահեռ տեղեկանալով մասնագիտությունների ու կրթական պայմանների մասին։ Պետք է պարզապես Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության (ԿԳՄՍՆ) գործարկած նոր կայքում լրացնել դիմում-հայտն ու սպասել պատասխանի։ 

«Ինֆոքոմը» ուսումնասիրել է՝ ինչն է փոխվել ընդունելության կարգում, ինչպես պետք է դիմել քոլեջներ ու ինչ ժամկետներում։

Ե՞րբ դիմել

2026 թվականից  քոլեջի դիմորդները պետք է հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ ԿԳՄՍ նախարարի՝ հունիսի 25-ի հրամանով գործարկված hayt-college.emis.am կայքում դիմորդները ոչ ոլորտային մասնագիտություններով` կարող էին դիմել մինչև երեկ՝ օգոստոսի 10-ը, (ժամը 18:00), և ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը (ժամը 18:00), ընդունելության առաջին փուլի համար։

Եթե մնան թափուր տեղեր, միջին ուսումնական հաստատությունները (ՄՈւՀ) իրականացնելու են երկրորդ փուլը՝ օգոստոսի 14-ից օգոստոսի 18-ը՝ մինչև 18:00-ը։

Միջին մասնագիտական հաստատությունները նախքան 2026-2027 ուսումնական տարին դիմումներն արդեն իսկ ընդունում էին էլեկտրոնային եղանակով։ Սակայն վերը նշված հրամանով՝ քոլեջները ներառվել են մեկ միասնական համակարգում, և ինչպես նշում են նախարարությունից՝ «կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական համակարգերը ավելի փոխկապակցված են դարձել»։ 

Ինչպե՞ս դիմել

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հիմնականում անփոփոխ է։ Պահպանվել է նաև քոլեջ դիմելու վճարի չափը՝ 1000 դրամ՝ անկախ ընդունելության արդյունքներից։ 

Դիմորդը պետք է մուտք գործի hayt-college.emis.am կայք, գրանցվի ու ընտրի միայն մեկ որակավորում։ Ինքնաշխատ կերպով համակարգում ներբեռնվում են դիմորդի մասին հետևյալ տվյալները՝

  • լուսանկար,
  • կրթության համար հիմք հանդիսացող փաստաթուղթը,
  • անձը հաստատող փաստաթուղթը՝ անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը և այլն,
  • հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից տրված կցագրման վկայականի պատճենը,
  • ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը,
  • տեղեկանք վերջին 3 տարում սովորած և ավարտած ուսումնական հատատության մասին,
  • տեղեկանք փաստացի բնակության վայրից։

Ըստ օրենքի՝ այս տվյալները 6 ամիս անց ոչնչացվում են, եթե դիմորդը չընդունվի քոլեջ։ 

Քոլեջ ընդունվելու համար պետք չեն հավելյալ քննություններ։ Բացառություն են արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և նախարարության սահմանած այլ ոլորտային մասնագիտությունները։

Ո՞ր դեպքերում կմերժվեն հայտերը

Հաստատության ընդունող հանձնաժողովը կարող է մերժել ավտոմատ լրացված հայտը, եթե՝

  • փաստաթղթերը թերի են կամ այդ թերությունները չեն վերացվել տեղեկացնելուց հետո,
  • առկա չէ նախընտրած որակավորման մրցութային առարկայի գնահատականը,
  • միջնակարգ կրթություն ունեցող անձը դիմել է հիմնական կրթության դիմորդին հատկացված տեղում կամ հակառակը,
  • դիմումների քանակն անբավարար է։ Օրինակ՝ նույն որակավորմանը դիմել է 15-ից պակաս դիմորդ (մարզերում՝ 13 դիմորդ), բացառություն են «0215 Երաժշտություն և կատարողական արվեստ» բաժինը, «Գեղանկարչություն», «Քանդակագործություն» մասնագիտությունների և հանրային ու մասնավոր ՄՈւՀ-երը։ Կամ՝ միջնակարգ կրթության հիմքով որակավորումների առաջին փուլում չի հայտագրվել 10 դիմորդ։

Կուրսընկերների քանակ ու հեռակա ուսուցում. է՞լ ինչ է փոխվել

Բացի փաստաթղթերի ներկայացման կարգից սահմանվել է նաև ուսումնական խմբի գործնական պարապմունքների ուսանողների քանակը։ Նախկինի նման հիմա էլ մեկ ուսումնական խմբում, ըստ օրենքի, պետք է լինի առավելագույնը 25 մարդ, իսկ արդեն նոր հրամանով՝ գործնական դասերի ընթացքում նվազագույնը 7 մարդ։

Ըստ հրամանի՝ հեռակա սովորել ցանկացողները պետք է հայտերը ներկայացնեն առկայի նույն ընթացակարգով։ Այս ուսուցման ձևն աստիճանաբար նախատեսվում է փոխարինել լրիվ կամ մասնակի ներգրավվածությամբ:

Օտարերկրացիների համար նոր կարգը ուժի մեջ կմտնի 2027-2028 ուսումնական տարվանից։

Հեղինակ` 

Անի Խաչատրյան

Մենթոր-խմբագիր`

Տաթև Խաչատրյան

 

Թողնել մեկնաբանություն