Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները | 1lurer.am

Քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները

Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումներն առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի այսօրվա նիստի օրակարգում էին: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«Շատ կարևոր է, որ օրենսդրական փոփոխություններից առաջ թեման քննարկում ենք հասարակական խորհրդում՝ լսելով բոլորիդ դիտարկումներն ու առաջարկները։ Առհասարակ, կառավարության նպատակն է գերատեսչություն-հասարակական խորհուրդ համագործակցության ձևաչափն ամբողջովին համապատասխանեցնել իրական համագործակցության գաղափարին։ Այսինքն՝ ոչ թե օրենքների ընդունումից հետո տեղեկացնել ձեզ և քննարկել դրանք, այլ մինչև օրենսդրական փոփոխությունների իրականացումն ապահովել կառուցողական երկխոսություն՝ ստանալով կարծիքներ և դիտարկումներ»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Կարևորելով քաղաքացիական հասարակության և հասարակական խորհուրդների անմիջական ներգրավվածությունն օրենսդրական նախաձեռնությունների մշակման վաղ փուլում` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը ներկայացրել է հոգեկան առողջության պահպանման ոլորտում գերատեսչության ծրագրերի գլխավոր ուղղությունները՝ նշելով, որ ներկայումս մշակվում են նոր իրավակարգավորումներ: Դրանք միտված են հասարակության հոգեկան առողջության պահպանմանը, հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանը, ինչպես նաև բուժման և լիարժեք կենսապայմանների ապահովման մեխանիզմների վերանայմանը։ Շեշտվել է նաև այդ անձանց իրավունքների պաշտպանության և խտրականության բացառման նոր մեխանիզմների կատարելագործման ու ներդրման անհրաժեշտությունը։

Ընդգծվել է, որ այս գործընթացում առանցքային նշանակություն ունի համայնքային աջակցությունը։ Այս համատեքստում քննարկվել է համայնքային ծառայությունների ներդրումը որպես պետության կողմից իրականացվող ռազմավարական և օրենսդրական գործընթաց՝ միտված հոգեկան խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված հաստատություններում պահելու համակարգից աստիճանաբար անցում դեպի համայնքում համապարփակ խնամքի և աջակցության համակարգ։

Այնուհետև Խորհրդի անդամները թեմայի շուրջ ուղղել են տասնյակ հարցեր՝ ծավալելով ակտիվ մասնագիտական քննարկում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն