azatutyun.am Ադրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի, Նախիջևանում տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքում շինարարությունը պետք է սկսվի արդեն այս տարի», – ասել է Ադրբեջանի նախագահը։
Անդրադառնալով TRIPP նախագծին, որը Բաքուն շարունակում է անվանել «Զանգեզուրի միջանցք», Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում իրականացվող աշխատանքները գրեթե ավարտված են։
«Հորադիզ-Աղբենդ ավտոճանապարհը գործնականում պատրաստ է։ Երկաթուղու շինարարությունն էլ արագ տեմպերով է ընթանում։ Մենք ցանկացած պահի կարող ենք արագացնել նախագիծը, պարզապես դրա անհրաժեշտությունը չենք տեսնում, քանի որ հայկական հատվածը պատրաստ չէ», – հայտարարել է նա։
Ալիևի խոսքով՝ հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքում նախատեսված 42-կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը, ըստ նրա, պետք է սկսվի արդեն այս տարի։
Ալիևը պնդել է, որ իրենց մասնագետները «Հայաստանում իրականացրած ուսումնասիրության արդյունքում որոշել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրահաղորդման գծերի հենասյուները»։
Նրա խոսքով՝ արդեն պատրաստ է նաև Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան, Հայաստանի տարածքով, էլեկտրահաղորդման գծի նախագիծը։ Ալիևը պնդել է, որ այդ ենթակառուցվածքը կարող է օգտակար լինել նաև Հայաստանին՝ պնդելով, թե երկրի գործող ատոմակայանը հնացած է և ապագայում կարող է փակվել։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ից այս պահին չեն մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում