Պարտադիր, բայց ոչ միշտ հասանելի. Հայաստանի դպրոցների մեկ երրորդում հոգեբան չկա

Հայաստանի դպրոցներում հոգեբանական աջակցություն ստանալու համար միայն ցանկությունը բավարար չէ։ Չնայած հոգեբանի հաստիքը պարտադիր է դարձել 2025 թվականից, մեկ տարի անց համակարգը դեռ չի գործում ամբողջությամբ. դպրոցների 33%-ում հոգեբան չկա, ինչը սահմանափակում է աշակերտների՝ ծառայությունից օգտվելու հնարավորությունը։ 

«Ինֆոքոմը» ուսումնասիրել է՝ ինչպես է գործում ներդրված համակարգը, որքանով է այն հասանելի մարզերի աշակերտների համար, և ինչ խնդիրների են բախվում մասնագետները։

«Հոգեբանը միանգամից ասաց՝ ամեն ինչ լավ կլինի, ու փոխեց թեման։ Նա չփորձեց լուծել իմ խնդիրը, չփորձեց հարցնել՝ ինչի եմ նեղված, ինչի եմ լարվում, չվերլուծեց իմ խնդիրը»։

19-ամյա Անահիտն այսպես է հիշում դպրոցական հոգեբանի մոտ իր այցը։ Նա սովորում էր ավարտական դասարանում և արդեն ընտրել էր ապագա մասնագիտությունը․ դիմելու էր Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան։ 

Թեև բուհի ընդունելության քննություններին պատրաստվել սկսել էր վաղուց, սակայն, դրանց օրվա մոտենալուն զուգահեռ, լարվածությունը մեծացել էր։ Այդ պատճառով էլ որոշել էր դիմել դպրոցական հոգեբանին, որպեսզի իր օգնությամբ կարողանա հասկանալ տագնապի պատճառներն ու թուլացնել լարվածությունը։

Նրա խոսքով, սակայն, չի ստացել սպասված օգնությունը։ Փոխարենը, ըստ Անահիտի, հոգեբանը փորձել է զրույցն արագ ավարտել՝ սահմանափակվելով ընդհանուր հանգստացնող արտահայտություններով՝  «լավ կլինի», «մի մտածի», ու փոխել է թեման։

Անահիտն ասում է, որ իրենց դպրոցի նախորդ հոգեբանից գոհ է եղել. նա  օգնել է լուծում տալ իրեն անհանգստացնող հարցերին, ինչի արդյունքում նրանց միջև վստահելի հարաբերություններ է ձևավորվել․

«Ինքը գիտեր, թե որ պահին ինձ ինչ էր պետք։ Մինչև հիմա շփումը պահում ենք․ որ ինչ-որ բան է լինում, զանգում եմ, խոսում ենք, վերլուծում ենք»:

Ե՞րբ դիմել

2026 թվականի հունիսի դրությամբ՝ հոգեբան կա Հայաստանի 1390 դպրոցներից 67%-ում՝ 932-ում։ 

Երևանում հոգեբան կա դպրոցների մոտ 88 %–ում․ այսինքն՝ ամեն ութերորդ դպրոց չունի հոգեբան։ 

Մարզերից դպրոցական հոգեբաններով ամենաքիչն են ապահովված Սյունիքի դպրոցները․ հոգեբան կա դպրոցների ընդամենը 35%-ում, իսկ Արմավիրում՝ շուրջ 77%-ում։

Պարտադիր, բայց ոչ միշտ հասանելի․ Հայաստանի դպրոցների մեկ երրորդում հոգեբան չկա

Ինչո՞ւ Հայաստանի դպրոցներում հոգեբանի հաստիքը համալրված չէ, եթե պարտադիր է, ԿԳՄՍՆ-ից մեզ հայտնել են , որ պատճառը «համապատասխան մասնագետների պակասն է».

«Որոշ դպրոցներում հաստիքը դեռևս համալրված չէ՝ համապատասխան մասնագետների սակավության պատճառով»` hատված ԿԳՄՍՆ պատասխանից:

Միևնույն ժամանակ Հայաստանում կան դպրոցներ, որտեղ դասարանների մեծ թվի  պատճառով մեկից ավելի հոգեբան է աշխատում․ 932 դպրոցում աշխատում է 995 հոգեբան։ 

Այդ տարբերությունն առավել մեծ է Երևանում․ 223 դպրոցում աշխատում է 245 հոգեբան։ Վայոց ձորը միակ մարզն է, որտեղ դպրոցների թիվը համընկնում է հոգեբանների թվին․ 23 դպրոցում աշխատում է 23 հոգեբան։ 

Պարտադիր, բայց ոչ միշտ հասանելի․ Հայաստանի դպրոցների մեկ երրորդում հոգեբան չկա

Դպրոցներում հոգեբանը պարտադիր է, լիցենզավորվումը՝ ոչ

Կառավարության՝ 2023 թվականին փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ՝ սահմանվել են դպրոցական հոգեբանի գործառույթները, և 2025 թվականից հոգեբանի հաստիքը հանրակրթական դպրոցներում դարձել է պարտադիր։ Ըստ այդ որոշման՝ հոգեբանը պետք է աշխատանքներ տանի սովորողների «հոգեկան առողջության և անձի կայացման ու զարգացման ուղղությամբ»։ 

Հոգեբանի աշխատանքի ծավալը պայմանավորված է դպրոցի դասարանների թվով. ինչքան դրանք շատ են, այնքան ավելի շատ է աշխատաժամանակը։ Օրինակ՝ մինչև 9 դասարան ունեցող դպրոցներում նախատեսված է կես հաստիքային միավոր (շաբաթական մոտ 20 ժամ), 9–18 դասարան ունեցող դպրոցներում՝ 0,75 (շաբաթական մոտ 30 ժամ), 18–36 դասարան ունեցող դպրոցներում՝ 1 (շաբաթական  մոտ 40 ժամ), իսկ 36 և ավելի դասարան ունեցող դպրոցներում՝ 1,5 (շաբաթական մոտ 60 ժամ)։ 

Հայաստանում հոգեբանների համար պարտադիր լիցենզավորում կամ հավաստագրում չկա, հետևաբար՝ դպրոցական հոգեբանները նույնպես չունեն լիցենզավորման կարիք։ 

Գործում է միայն հոգեբանների կամավոր ատեստավորման համակարգը, որով թեստավորման եղանակով ստուգվում են նրանց մասնագիտական գիտելիքները և հմտությունները։ 2025 թվականից ներդրվել է նաև հոգեբանների կամավոր ատեստավորման համակարգը, որով թեստավորման եղանակով ստուգվում են նրանց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

Մի շարք երկրներում, օրինակ՝ Կանադայում, Ամերիակայի որոշ նահանգներում, հոգեբանները համարվում են առողջապահական մասնագետներ և լիցենզավորվում են։ 

Իսկ  Էստոնիայում գործում է դպրոցական հոգեբանների մասնագիտական որակավորման համակարգ, որով հոգեբանը պետք է ունենա կամ ​​մագիստրոսի աստիճան կամ համարժեք որակավորում, ինչպես նաև՝ հենց դպրոցական հոգեբանի մասնագիտական որակավորում։ 

Հայաստանում մագիստրոսի կամ այլ գիտական աստիճանի պարտադիր պահանջ ևս սահմանված չէ. հոգեբանը պետք է ունենա միայն բարձրագույն մասնագիտական կրթություն և համապատասխան որակավորումը հաստատող բակալավրի դիպլոմ։

Թե Հայաստանի դպրոցների հոգեբաններից քանիսն ունի բակալավրի, քանիսը՝ մագիստրոսի կոչում, ԿԳՄՍ նախարարությունը չգիտի. «Ինֆոքոմի» հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ վիճակագրություն չեն վարում «հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող հոգեբանների կրթական աստիճանների վերաբերյալ»։ 

Իսկ հոգեբանական աջակցության արդյունավետությունը գնահատելու համար նախարարությունն իրականացնում է մշտադիտարկումներ, որոնց ընթացքում գնահատվում է, թե ինչպես է կազմակերպվում ներառական կրթության, սոցիալ-հուզական աջակցության և անվտանգ կրթական միջավայրի ապահովումը։

Բացի այդ, պարբերաբար կազմակերպում են վերապատրաստման դասընթացներ, թեմատիկ սեմինարներ և աշխատաժողովներ, որոնց համար, սակայն, միասնական տարեկան հաճախականություն սահմանված չէ։

«Մեկ հոգեբանը բոլորի հետ անհատական աշխատանքներ չի կարողանում իրականացնել». հոգեբան

Յուրաքանչյուր երեխայի հետ անհատական աշխատանք իրականացնելը գործնականում հնարավոր չէ։ Այս կարծիքին են դպրոցում աշխատող և մեզ հետ զրուցած հոգեբանները։ Նրանք նշում են նաև, որ դպրոցները համապատասխան աշխատասենյակ չեն կարողանում տրամադրել։

«Դպրոցը հաճախ չի կարողանում համապատասխան ռեսուրս, սենյակ տրամադրել, չնայած որ պարտադիր է, հիմնականում դասասենյակներ են, իսկ ընդհանուր մեծ դասասենյակները նախատեսված չեն հոգեբան–այցելու աշխատանք իրականացնելու համար»,-ասում է Եղեգնաձորի վարժարանի հոգեբան Մարիամ Վարդանյանը, ով դպրոցականների հետ աշխատում է արդեն 2 տարի։ 

Նույն խնդրին բախվել է նաև Մասիս քաղաքի ավագ դպրոցի հոգեբան Անի Քայայանը։ Նա մոտ 2 ամիս հիմնական դպրոցում աշխատելու փորձ է ունեցել, իսկ վերջին 7 ամիսներին աշխատում է ավագ դպրոցում։ 

Հոգեբանի խոսքով՝  նույնիսկ նորակառույց դպրոցում համապատասխան տարածք չեն կարողանում տրամադրել։ 

Միաժամանակ, հոգեբանների խոսքով, համապատասխան տարածքի առկայության դեպքում էլ երբեմն դժվար է ամեն երեխայի հետ անհատական աշխատանք իրականացնելը։ Մ․ Վարդանյանի խոսքով՝ այդ աշխատանքի իրականացումը ֆիզիկապես էլ է անհնար։

«Մեկ մեծ դպրոցում մի հոգեբանը բոլորի հետ անհատական աշխատանքներ սկզբից մինչև վերջ չի կարողանում իրականացնել,  երբ որ մեկ ախտորոշիչ աշխատանք ենք սկսում իրականացնել կամ հետազոտական քարտ ենք բացում, էնպես չի լինում որ հարյուր տոկոսով հասնում ենք ռեալ արդյունքի»,-ասում է նա։

Այդպես է հատկապես մեծ դպրոցներում, երբ երեխաների շատ լինելու պատճառով հոգեբանը չի կարողանում յուրաքանչյուր աշակերտի հետ անհատապես աշխատել, առաջնորդվում է ըստ առաջնահերթության։

Ա. Քայայանի խոսքով՝ նմանատիպ դեպքերում իրենք որոշում են կայացնում նախ և առաջ աջակցել այն երեխաներին, որոնց դեպքում կարող է տուժել ուսումնական գործնթացը. 

«Պետք է հասկանալ, թե որքանով են երեխաների հոգեբանական մարտահրավերները խանգարում ուսումնական գործընթացին։ Ամեն դեպքում, դպրոցական հոգեբանը սահմանափակումներ ունի․ ինքն էստեղ աջակցող մասնագետ է համարվում»,– ասում է նա։

Սրան զուգահեռ որոշ աշակերտների համար հոգեբանին դիմելը շարունակում է «ամոթ» համարվել։
Մ.Վարդանյանի խոսքով՝  հատկապես տղաներն են ամաչում դիմել հոգեբանին, քանի որ հնարավոր է շրջապատում ծաղրի ենթարկվեն.

«Ցավոք սրտի, դեռևս կա կարծրատիպ, որ եթե երեխան այցելում է հոգեբանի, ուրեմն խնդիր ունի, ինչի պատճառով էլ սկսում է ենթարկվել բուլինգի»,– ասում է նա։ 

Բուլինգը մեկ անձի կամ խմբի կողմից մեկ այլ անձի նկատմամբ կրկնվող և դիտավորյալ բռնարար վարքագիծն է։ 

Հոգեբանն ավելացնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում, և իրավիճակը հնարավոր է փոխել.

«Ճիշտ աշխատանքներ իրականացնելու դեպքում, կարծում եմ, որոշ ժամանակ հետո կհասնենք այն արդյունքին, որ հոգեբանին դիմելը ամոթ բան չի համարվի»,– հույս է հայտնում Մ․ Վարդանյանը։

Հեղինակ` 

Ռուզաննա Հովհաննիսյան

Մենթոր-խմբագիր`

Տաթև Խաչատրյան

 

 

Թողնել մեկնաբանություն