Այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք պատասխանատու են։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առավոտյան իրադրությունը քննարկել է Պաշտպանության նախարարի հետ։
«Ես որոշումը կայացրել եմ՝ ռազմական ոստիկանությունում փոփոխություններ կունենանք։ Բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություններ կունենանք և մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք,- այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բանակում խաղաղ պայմաններում զոհերի մասին հարցին։
Վարչապետը նշել է, որ պետք է լինի անհատական պատասխանատվություն, սակայն ընդգծել․ «Իմ գնահատականը այն չէ, որ այս իրադրությունում Գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում էդ խնդիրը լուծելու համար»։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: