civilnet.am Կառավարությունը պետական բյուջեի միջոցների վերաբաշխման միջոցով լրացուցիչ 18 մլն դրամ կհատկացնի 2020-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրի շարունակականությունն ապահովելու համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է կառավարության օգոստոսի 13-ի նիստում։
Ամսական 300,000 դրամ չափով տրամադրվող սոցիալական աջակցության վճարման ժամկետն ավելի վաղ երկարաձգվել էր մինչև 2026-ի սեպտեմբերը ներառյալ։ Հունիսի 9-ի դրությամբ դեռևս դատական կարգով անհայտ բացակայող չճանաչված թվով 20 անհայտ կորած զինծառայողների ընտանիքների համար աջակցության տրամադրումը դադարեցվել էր հուլիսի 1-ից։ Ներկայացվող նախագծով նախատեսվում է վերականգնել և շարունակել ֆինանսավորումը այս խմբի համար։
Անհրաժեշտ ֆինանսական միջոցները կհատկացվեն Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունքում։ Գումարը կներգրավվի նախարարության գծով առկա տնտեսումներից, որոնք պայմանավորված են նախատեսվածի համեմատ փաստացի շահառուների միջին թվի նվազմամբ։
Պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կամ եկամուտները նշված որոշման ընդունման արդյունքում չեն ավելանա, քանի որ վերաբաշխումն իրականացվում է գործող բյուջետային սահմաններում։