Կաթնամթերք արտադրող 5 ընկերություն տուգանվել է շուրջ 16.5 մլն դրամով | factor.am

Կաթնամթերք արտադրող 5 ընկերություն տուգանվել է շուրջ 16.5 մլն դրամով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը կաթնամթերքի ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության շրջանակում վարույթ է հարուցել 11 արտադրողների նկատմամբ։

Հինգ ընկերություն՝ «Մոտկոր Ֆուդ», «Էջմիածին Կաթ», «Հին Ապարան+», «Ար-Տար» և «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ները, ընդունել են արձանագրված խախտումները։ Նրանց նկատմամբ կիրառվել է արագացված վարույթ, որի արդյունքում սահմանվել է ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի տուգանք։

Հանձնաժողովի փոխանցմամբ՝ լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունների մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը կազմել է 0.9-ից 25.5 տոկոս, մինչդեռ համապատասխան տեխնիկական կանոնակարգով այն պետք է կազմի առնվազն 50 տոկոս։

Խախտումներ են արձանագրվել «Մոտկոր», «Ամասիա» ապրանքային նշանով «Չանախ», «Tasty Cheese», «ԱԹ-ԱՌԱՏ», «EJMIATSIN Kat» ապրանքային նշանով «Ընտանեկան» և «Հին Ապարան» անվանումներով արտադրանքներում։

Հանձնաժողովի տվյալներով՝ արտադրանքների մի մասում օգտագործվել է կաթնայուղի փոխարինիչ, սակայն դրանք ներկայացվել են որպես համապատասխան տեխնոլոգիայով արտադրված կաթնամթերք։

Մնացած 6 վարույթները դեռևս քննության փուլում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն