«Հաղթանակ» կուսակցության թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

«Հաղթանակ» կուսակցության թեկնածուները հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» կուսակցության ընտրական ցուցակում գրանցված թեկնածուներ Ս.Դ.-ն և Ն.Օ.-ն նախնական համաձայնության գալով կուսակցության համակիրներ Ս.Ժ.-ի, Գ.Ղ.-ի և Ա.Խ.-ի հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ընտրությունների անցկացման օրը հարկադրել են համայնքի մի շարք բնակիչների՝ մասնակցել ընտրություններին և ընտրել «Հաղթանակ» կուսակցությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Նրանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն