azatutyun.am ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանում կհասնի իր երկու գլխավոր նպատակներին՝ կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և պահպանել էներգակիրների կայուն գները: Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ ԱՄՆ-ն այս հակամարությունից դուրս կգա «ավելի ուժեղ դիրքում»։
Վենսը նաև նշել է, որ իր առաջ դրված նպատակներին հասնելու համար Թրամփի վարչակազմը դիվանագիտական, ռազմական և տնտեսական գործիքներն օգտագործում է «շատ ընտրողաբար»։ Ամերիկացի պաշտոնյան հավելել է՝ իրավիճակը մնում է անկանխատեսելի, քանզի Իրանը հաճախ չի կատարում ստանձնած պարտավորությունները։
«Մի բան կարող եմ վստահորեն ասել. կարծում եմ՝ սա կավարտվի նրանով, որ ԱՄՆ-ն ավելի ուժեղ դիրքում կհայտնվի, Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ Հորմուզի նեղուցը կվերադառնա մի վիճակի, երբ նավթի և գազի գները կայուն կլինեն ամերիկյան ժողովրդի համար», – ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։