armenpress.am Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանն առաջնահերթ է համարում տեղական ինքնակառավարման համակարգի ապակենտրոնացումը, ենթակառուցվածքների ամբողջական կառավարումը, ջրային անվտանգության ամրապնդումը, ընդերքի պատասխանատու օգտագործումը և էներգահամակարգի կայունության ապահովումը։
Ղազինյանն իր մոտեցումները ներկայացրեց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ։
Նա նշեց, որ հանձնաժողովի գործունեության շրջանակն ընդգրկում է համայնքները, մարզերը, ճանապարհները, տրանսպորտը, էներգետիկան, ջրային պաշարները, ընդերքը, շրջակա միջավայրն ու պետական գույքը։
Ղազինյանի խոսքով՝ 2011 թվականից իրականացված խոշորացման արդյունքում համայնքների թիվը 915-ից նվազել է մինչև 70, սակայն վարչատարածքային փոփոխությունը բովանդակային բարեփոխումների չի հանգեցրել։
«Խոշորացման նպատակը պարզապես համայնքների թվի կրճատումը չէր։ Այն պետք է ստեղծեր կառավարչական ավելի մեծ կարողություններ, ապահովեր մարդկային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բարձրացներ հանրային ծառայությունների որակը և իրական լիազորություններ ու համապատասխան ֆինանսական միջոցներ ապակենտրոնացներ դեպի համայնքներ»,- ասաց թեկնածուն։
Նա առաջարկեց վերացնել համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալու դեպքում վարչապետի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մեխանիզմը։ Ղազինյանի կարծիքով՝ նման դեպքերում պետք է նոր ընտրություններ անցկացվեն կամ համայնքի ավագանին շարունակի իրականացնել իր լիազորությունները։
Թեկնածուն վերաիմաստավորման անհրաժեշտություն տեսավ նաև մարզպետների և մարզպետարանների դերում։ Նրա պատկերացմամբ՝ մարզպետարանները վարչարարող մարմիններից պետք է վերածվեն տարածքային զարգացման կենտրոնների՝ համադրելով համայնքային, մարզային և պետական ծրագրերն ու նպաստելով ներդրումների ներգրավմանը։
Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ Ղազինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանապարհաշինությունից պետք է անցնի ճանապարհային ենթակառուցվածքների ամբողջական կառավարման մոդելի։
«Ճանապարհը չպետք է ավարտվի շինարարության ընդունման ակտով։ Յուրաքանչյուր ճանապարհ պետք է ունենա իր ամբողջ կենսաշրջանի համար պատասխանատու կառավարում՝ նախագծումից և կառուցումից մինչև մշտական սպասարկում, անվտանգություն, լուսավորություն, բնական ռիսկերի կառավարում և արտակարգ իրավիճակների արձագանքում»,- նշեց նա։
Ղազինյանի խոսքով՝ «Հյուսիս–հարավ» ճանապարհը, երկաթուղային հաղորդակցությունները, սահմանային ենթակառուցվածքներն ու ապագա լոգիստիկ կենտրոնները պետք է դիտարկվեն որպես Հայաստանի միասնական տրանսպորտային ռազմավարության բաղադրիչներ։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը 2020 թվականից շարունակում է մնալ Եվրամիության ավիացիոն անվտանգության «սև ցուցակում»։
Թեկնածուն ուշադրություն հրավիրեց նաև միասնական երթուղային համակարգի ներդրման ձգձգման վրա՝ նշելով, որ, բացառությամբ երկու մարզի, կանոնավոր երթուղիների ամբողջական համակարգ դեռևս չկա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում